Հռիփսիմե Գրիգորյանի ֆիլմն առանձնահատուկ ուշադրության է արժանացել միջազգային կինոփառատոնին

28 Մարտի 2024, 15:20

Մշակույթ

Խանտի Մանսիյսկում կայացել է «Կրակի ոգի» խորագրով կինոդեբյուտների 22-րդ միջազգային փառատոնի փակման արարողությունը։ Փառատոնի մրցութային ծրագրերում այս տարի ներկայացվել են 12 երկրների սկսնակ ռեժիսորների ավելի քան 40 ֆիլմեր։

Հռիփսիմե Գրիգորյանի «Լույս բերողը, տեսախցիկը և պտուտակ կտրողը» ֆիլմը, որը փողոցային նկարիչ Փաշա 183-ի մասին է, արժանացել է ժյուրիի հատուկ գնահատականին և հատուկ մրցանակին: Նշվում է, որ ժյուրիի կազմում են եղել պրոդյուսեր, «All Media Company»-ի գլխավոր տնօրեն Գեորգի Շաբանովը, պրոդյուսեր, ռեժիսոր Անդրեյ Վոլգինը, «Պիոներ» կինոընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդրա Գելլերը:

Վավերագրական ֆիլմը պատմում է Մոսկվայի փողոցային նկարիչ Փաշա 183-ի մասին, որը համաշխարհային համբավ ձեռք բերեց և փոխեց վերաբերմունքը Ռուսաստանում փողոցային արվեստի նկատմամբ։

Հռիփսիմե Գրիգորյանն ավարտել է ժամանակակից արվեստի ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը: Նա իր դիպլոմային ֆիլմով մասնակցել է ռուսական և միջազգային կինոփառատոնների։ 2018 թվականին ավարտել է Movie Band կինոդպրոցը՝ ստանալով կինոյի և հեռուստաօպերատորի որակավորում։

Նշվում է նաև, որ փառատոնի գլխավոր մրցանակը՝ «Ոսկե տայգան», լավագույն դեբյուտային ֆիլմի համար ստացել է Ղազախստանից ռեժիսոր Ասհաթ Կուչինչերեկովը։

Հիմա եթերում