Իսրայելա-լիբանանյան ուղղությամբ դրական սցենար ակնկալելն առայժմ իրատեսական չէ․ Ելենա Գրեբեննիկովա

Քաղաքագետ, «Դիգորիա» փորձագիտական ակումբի անդամ Ելենա Գրեբեննիկովան Alpha News-ին մեկնաբանել է Լիբանանի և Իսրայելի միջև ձեռք բերված շրջանակային համաձայնագիրը։

«Նախ պետք է նշել, որ Իսրայելի և Լիբանանի միջև ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիրը Վաշինգտոնի և Թեհրանի միջև ձեռք բերված հուշագրի կետերից մեկն է, ուստի այն պետք է դիտարկել նաև Մերձավոր Արևելքում ստեղծված ընդհանուր իրավիճակի համատեքստում։

Տեսականորեն, Իսրայելի և Լիբանանի միջև համաձայնագիրը պետք է հիմք դառնա ռազմական գործողությունների դադարեցման համար։ Սակայն, ըստ դրա պայմանների, «Հեզբոլլահ»-ը նախ պետք է զինաթափվի, և միայն դրանից հետո Իսրայելի բանակը դուրս բերվի Լիբանանի հարավից։ Այս պահին նման զարգացումը գործնականում անհնար է թվում։

Բանն այն է, որ «Հեզբոլլահ»-ը կամավոր չի զինաթափվի։ Ավելին, կազմակերպությունը մտադիր է շարունակել ռազմական գործողությունները։ Եթե լիբանանյան բանակը նույնիսկ փորձի այս հարցը լուծել ուժային մեթոդներով, ապա դա կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմի։ Թեև ես խիստ կասկածում եմ, որ Լիբանանի բանակը, նույնիսկ ԱՄՆ-ի, այդ թվում՝ ֆինանսական աջակցության պայմաններում, կգնա նման լուրջ քայլերի։

Ընդհանուր առմամբ, հաշվի առնելով Լիբանանում առկա ներքաղաքական հակասությունները, ինչպես նաև Թեհրանի և Վաշինգտոնի միջև հաստատված հրադադարի փխրուն բնույթը, կարծում եմ՝ այսօր իսրայելա-լիբանանյան ուղղությամբ որևէ դրական սցենար ակնկալել պետք չէ»,- ասել է Գրեբեննիկովան։