Կասպից ծովում իրանական նավի վրա հարձակումը հարված էր Իրանի ազգային արժանապատվությանը․ Իլյա Բասկակով
27 Հուլիսի 2026, 23:00
Իրանագետ, Ռուսաստանի ԳԱԱ Գիտական տեղեկատվության հասարակական գիտությունների ինստիտուտի Մերձավոր և հետխորհրդային Արևելքի բաժնի կրտսեր գիտաշխատող Իլյա Բասկակովը Alpha News-ին մեկնաբանել է Կասպից ծովում իրանական առևտրային նավի վրա Ուկրաինայի հասցրած հարվածը։
Փորձագետի խոսքով՝ այդ հարձակումը լուրջ հարված էր Իրանի ազգային արժանապատվությանը։
«Անկասկած, Ուկրաինայի կողմից Կասպից ծովում իրանական առևտրային նավին հասցված հարվածը, որի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել, լուրջ հարված է Իրանի ազգային արժանապատվությանը, որը նրա ամբողջ արտաքին քաղաքական գաղափարախոսության հիմնասյուներից է։ Այդ պատճառով երկրի ղեկավարությունը չի կարող անպատասխան թողնել այս գործողությունները։ Այլ հարց է, թե ինչ բնույթի կլինի այդ պատասխանը։ Այստեղ պետք է հասկանալ, թե ինչպես է Թեհրանը գնահատում ներկայիս համաշխարհային և տարածաշրջանային իրավիճակը։
Թեհրանում, ինչպես և աշխարհի շատ այլ վայրերում, կա գիտակցում, որ ընթացիկ հակամարտությունները փոխկապակցված են։ Իհարկե, այդ ընկալումը տարբեր կողմերի մոտ տարբեր է։ Եթե Ուկրաինայի ներկայացուցիչները հայտարարում են, որ իրանցիներն ու հյուսիսկորեացիներն արդեն հարձակվել են Ուկրաինայի վրա, ապա իրանական կողմը պնդում է, որ Ուկրաինան հարձակվել է առևտրային նավի վրա Իսրայելի հրահանգով՝ նպատակ ունենալով Եվրոպային ներքաշել Մերձավոր Արևելքում պատերազմի մեջ։
Եվ եթե Իրանում նման պատկերացում ունեն այս հարձակման նախադրյալների մասին, ապա, բնականաբար, գիտակցում են նաև Կիևի այդ արկածախնդրության հաջողության հետ կապված ռիսկերը», — ասել է Բասկակովը։