Konfuz: ռեփերը, ով «բռնել է վայբը»
29 Հունիսի 2025, 22:00

Konfuz-ը Միխայիլ Արմանի Մարգարյանի բեմական անունն է, ով ռուսալեզու ռեփի նոր ալիքի ամենաակնառու ներկայացուցիչներից մեկն է։
Ծնվել է 2003թ. հունիսի 29-ին Հայաստանի Վանաձոր քաղաքում։ Մեկ տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Մոսկվա: Մանկության տարիներին Միքայելը երազում էր ֆուտբոլիստ դառնալ, մինչև 15 տարեկանը զբաղվել է ֆուտբոլով։ Այնուհետև տեղափոխվել է Իսպանիա, որտեղ ապրել է 2 ամիս և խաղացել «Բարսելոնա»-ի պատանեկան թիմում, նույնիսկ ստացել է «Կաշվե գնդակ» մրցանակը: Սակայն 15 տարեկանում ծնկի վնասվածքը խաչ է քաշել մարզական կարիերայի վրա՝ ճանապարհ բացելով դեպի երաժշտություն։
Վաղ տարիքից Միքայելը հետաքրքրություն է ցուցաբերել երաժշտության նկատմամբ. սովորել է նվագել երաժշտական գործիքներ, գրել է երգեր, բայց երկար ժամանակ չի համարձակվել դրանք ներկայացնել հանրությանը։ Առաջին երգը ձայնագրելու համար նա վաճառել է կիթառն ու խաղային կոնսոլը և չի սխալվել։ 2020 թվականին նրա դեբյուտային երգը՝ «Ути путишка»-ն, նրան հայտնիություն է բերել՝ հավաքելով միլիոնավոր լսումներ և դառնալով վիրուսային հիթ։
Իսկական բեկում տեղի է ունեցել «Кайф ты поймала» երգի թողարկմամբ։ Այն պայթեցրել է TikTok-ը, երգի տակ նկարվել է ավելի քան մեկ միլիոն տեսանյութ: Այն հավաքել է ավելի քան 150 միլիոն լսում, ինչպես նաև արժանացել է 10 պլատինե մրցանակ: Դրան հաջորդել են «Ламбо», «Ранила меня», «Ратата» և «Пропал интерес» հիթերը, որոնք ամրապնդել են նրա կարգավիճակը որպես ԱՊՀ-ում ամենաշատ լսվող կատարողներից մեկը:
Konfuz-ը տարբերվում է շատ այլ ռեփերներից. նրա տեքստերում հայհոյանք և ագրեսիա չկա։ Միքայելի կեղծանունը ներքին աշխարհի արտացոլումն է. համեստ, մի փոքր շփոթված, բայց ազնիվ իր և ունկնդրի առջև: