Կրթության համակարգի ճգնաժամ. մեկ տարում Հայաստանում ուսուցիչների թիվը պակասել է 200-ով

05 Հուլիսի 2023, 14:24

Կրթություն
Միջին հաշվարկով մոտ 2000, գուցե և ավելի ուսուցիչ Հայաստանում շուտով կդառնա գործազուրկ: Նախ, «Հայոց եկեղեցու պատմությունը» որպես առանձին առարկա դուրս է գալու դպրոցական ծրագրից՝ գործազուրկ թողնելով 800 ուսուցչի: Այս թիվը համալրելու են նաեւ ատեստավորում չանցած և բարձրագույն կրթության վկայական չունեցողները, որոնց թիվը քիչ չի լինելու հատկապես մարզերում, որտեղ պատերազմից հետո սահմանամերձ քաղաքների ու գյուղերի թիվը ավելանում է, իսկ բնակիչության թիվը՝ նվազում: Alpha News-ի հետ զրույցում կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը հաստատում է՝ հանրակրության ոլորտում խորացող ճգնաժամ է:

«Վերջին մեկ տարում Հայաստանում ուսուցիչների թիվը 200-ով պակասել է, այս և հաջորդող տարիներին շրջանավարտների թիվը գնալով պակասելու է»,- ասում է կրթության ոլորտի փորձագետը՝ շարունակելով, որ մոտ 1350 ուսուցիչ օրենքի պահանջով ազատվելու է աշխատանքից, քանի որ չունի բարձրագույն կրթություն:

«ԿԳՄՍ-ն զիջումների չգնաց: Մի քանի հարյուր ուսուցիչ, էլի՛, կորցնելու ենք»,- ասում է Սերոբ Խաչատրյանը:

Նա ընդգծում է՝ Հանրակրթության մասին օրենքում այն կետը, որը վերաբերում է բարձրագույն կրթության մասին պահանջին, ընդունվել է դեռ 12 տարի առաջ, երբ ուսուցիչների թիվը բավարար էր: Փորձագետը հիշեցնում է՝ այդ օրենքում բարձրագույն կրթության պահանջի մասով փոփոխությունները կատարվել են 2011 թվականին :

Օրենքում հստակ ամրագրվեց, որ միջին մասնագիտական հաստատություններում կարող են դասավանդել նրանք, ովքեր ունեն բարձրագույն կրթություն: Օրենքը սահմանել էր հինգ տարի վերջնաժամկետ նրանց համար ովքեր չունեին վկայական: Հետագայում՝ հինգ տարին մեկ, այս վերապահումը պարբերաբար երկարաձգվեց:

Նոր իշխանությունները որոշեցին այլևս չերկարաձգել այդ ժամկետը:Սերոբ Խաչատրյանը, սակայն համոզված է՝ եթե օրենքի կիրառման ժամկետը կրկին հետաձգվեր, կբողոքեին այն ուսուցիչները, ովքեր, օրենքին ընդառաջ, այս տարիների ընթացքում ստիպված եղան գումար վճարել և բարձրագույն կրթություն ստանալ: Անդրադառնալով աշխատանքը կորցնող և ԲՈՒՀ չավարտած՝ մոտ 1350 ուսուցիչների ճակատագրին, Խաչատրյանը նշում է, որ այդ մարդիկ հիմա 60-ն անց տարիքում են:

«Այդ տարիքում գնալ և ընդունվել որևէ ԲՈՒՀ, 4 տարի հետո դպրոցում ուսուցիչ աշխատելու ակնկալիքով, անիմաստ է»,- բացատրում է Սերոբ Խաչատրյանը: Խաչատրյանի խոսքով միակ ընդառաջ քայլը, որին գնաց ԿԳՍՄ նախարարությունը, կամավոր ատեստավորման մեխանիզմն է, որը ևս իրեն չարդարացրեց:

Փորձագետն իր ասածը հիմնավորում է թվերով՝ Հայաստանում շուրջ 37.000 ուսուցչից ատեստավորում անցածները 2-3 տասնյակն են, որոնք 400 հազար դրամ աշխատավարձ են ստանում: Կրթության ոլորտի փորձագետի խոսքով, պետությունը չկարողացավ ուսուցչի աշխատանքը դարձնել հարգի, իսկ այդ ընթացքում զարգացավ մասնավոր ոլորտը: Հատկապես որոշ առարկաների գծով մասնագետների թվի պակաս կա:

Շատ ոլորտներ առանց դիմորդ են մնացել: Նրա խոսքով՝ մանկավարժական ԲՈՒՀ-էր ընդունվողների թիվը գնալով նվազում է, և երաշխիք չկա, որ շրջանավարտը հետո իր մասնագիտությամբ է զբաղվելու:

«Մանկավարժական ԲՈՒՀ-եր ավարտածների մի զգալի մասը գնում է այլ ոլորտներում աշխատելու»,- նկատում է Խաչատրյանը՝ հավելելով, որ հատկապես ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, ինֆորմատիկա առարկաների փորձառու մասնագետները դպրոցը թողնում և գնում են IT ոլորտում աշխատելու:

«Ես անգամ չեմ պատկերացնում, թե ինչպես ենք այս խնդրի լուծումը գտնելու»,- մտահոգություն է հայտնում Սերոբ Խաչատրյանը՝ շարունակելով, որ ատեստավորումն անցնելուց հետո, անգամ 260-300 հազար դրամ ստանալու պետության առաջարկը մասնավորի համեմատ մրցակցային չէ:

«Նախարարությունն իր հույսը պետք է դնի նախկին տասնամյակներում ավարտածների ու դեռևս ուսուցչական փորձ չունեցողների վրա, որոնց մեծ մասն արդեն գտել է իր տեղը մասնավոր աշխատաշուկայում»,- մանրամասնում է Սերոբ Խաչատրյանը: Կրթության ոլորտի փորձագետի կարծիքով, ուսուցիչների որակը նվազել է, իսկ դրա մեղավորը, կրկին, պետությունն է: Նրա պնդմամբ՝ պետությունը պետք է ներդրում անի ոլորտում:

Ըստ Խաչատրյանի, բոլորն այսօր ուզում են պաշտոնյա դառնալ, քանի որ տեսնում են, թե ինչպես են ապրում պաշտոնյաները: Սերոբ Խաչատրյանը Ֆինլանդիայի օրինակն է բերում, որտեղ ուսուցիչը բոլոր մասնագիտություններից ամենահարգին է: «Ֆինլանդիայում մի մարդ ուզում էր ուսուցիչ դառնալ, քննությունից կտրվեց ու ստիպված դարձավ նախարար»,- ասում է Խաչատրյանը:

Նա ընդգծում է, որ Հայաստանում ոստիկանության, իրավապահ համակարգի աշխատողները լավ աշխատավարձ են ստանում, իսկ կրթությունն ու մշակույթը անտեսված են: Ըստ Սերոբ Խաչատրյանի, կյանքը մեծ տեմպերով թանկանում է, և մի քանի տարին մեկ, 10-ը տոկոսով ուսուցչի աշխատավարձի ավելացումը, որևէ էական դեր չի խաղում նրա կյանքում:

Անդրադառնալով մարզերում ուսուցիչների սակավության խնդրին՝ փորձագետն ընդգծում է՝ քանի որ մարզերում իրավիճակն ավելի բարդ է, ԿԳՄՍ-ն հավանաբար, կգնա դպրոցները միավորելու ճանապարհով:

«Մարդը կգերադասի գալ Երևան և սուպերմարկետում կամ սրճարանում աշխատել, քան, եթե գնա մարզ և դպրոցում աշխատի»,-մտավախություն է հայտնում Խաչատրյանը, նշելով, որ նույն պատկերն է լինելու, եթե պետությունը Երևանից մարզեր մեկնող ուսուցիչների դոտացիաներ տա: