Մեզ ստիպում են, որ ճանապարհներ փակենք․ «Մուլտի Սթոուն»-ի աշխատակից

15 Հուլիսի 2026, 13:05

Քաղաքականություն

«Մուլտի Սթոուն» գործարանի կապարակնքման պատճառով անգործության մատնված աշխատակիցներն այսօր բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով վերաբացել գործարանը։
 
Անդրադառնալով ստեղծված իրավիճակին՝ ակցիայի մասնակիցներից մեկը նշել է, որ պատկան մարմինների անտարբերությունն իրենց ստիպում է դիմել կտրուկ գործողությունների՝ ճանապարհներ փակել ու կառավարության շենքի մոտ հավաքներ իրականացնել:
 
«Մենք ուզում ենք, որ ամեն ինչ լինի օրենքի սահմաններում, բայց տեսնում ենք, որ օրենքով ոչ մի հարց չի լուծվում։ Իրենց երևի ձեռնտու է, որ գնանք Հանրապետության հրապարակ, կառավարության շենքի մոտ կամ ճանապարհներ փակենք, որ նոր միայն բարեհաճեն մոտենալ մեզ ու հարցնել՝ ինչո՞ւ եք դա անում, ի՞նչ է պատահել»,- նշել է նա։
 
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող մի շարք ձեռնարկություններ փակ են։ Դրանք կապարակնքվել են Ծառուկյանի ձերբակալության օրն իրականացված քննչական գործողություններից հետո։ Դրանից հետո այդ  ընկերությունների բազմաթիվ աշխատակիցներն գրեթե ամենօրյա ռեժիմով բողոքի ակցիաներ են կազմակերպում՝ իրավապահներից պահանջելով հստակ պատասխաններ, թե երբ են հանվելու կապարակնիքները և երբ կվերսկսվի աշխատանքը։