«Մուլտի Ուելնես»-ի հայցով Կադաստրի դեմ նախնական նիստը հաջորդ տարի կլինի
18 Օգոստոսի 2026, 13:24
Հաջորդ տարվա փետրվարի 16-ին վարչական դատարանում կկայանա կալանավորված Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնես» ընկերության Կադաստրի կոմիտեի դեմ հայցի առաջին՝ նախնական նիստը:
Ընկերությունը դիմել է վարչական դատարան պահանջելով անվավեր ճանաչել Ալեք Մանուկյան 11 հասցեում գտնվող գույքի նկատմամբ իրենց իրավունքները դադարեցնելու և այն Երևանի քաղաքապետարանի ենթակայությանը հանձնելու Կադաստրի կոմիտեի պետական գրանցումը:
Վարչական դատարանի դատավոր Հերմինե Մուրադյանը հայցը երեկ է վարույթ ընդունել, այն մերժելու հիմքեր չի գտել: Մուրադյանը Կադաստրի կոմիտեից պահանջել է որոշումը ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում դատարան ներկայացնել կադաստրային գործի բոլոր նյութերը:
Ընդամենը մի քանի տասնյակ ձայների տարբերությամբ խորհրդարանում չհայտնված «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ քրեական հետապնդմանը զուգահեռ իրավապահները կապարակնքեցին նաև նրա ընտանիքին պատկանող խոշոր բիզնեսները:
Երևանի քաղաքապետարանը հայտարարեց, թե խզում է վարձակալության պայմանագիրը ու մարզական համալիրը քաղաքապետարանի ենթակության տակ է գործելու: Փաստացի քաղաքապետարանը ոչ միայն համայնքային հողը վերցրեց այլև շենքն ու ներսի գույքը: Մարզասրահն այժմ գործում է քաղաքապետարանի ենթակաությամբ՝ Yerevan Wellness Center անունով: