Փաշինյանի օրոք Հայաստանը վերածվել է դասական ավտորիտար պետության․ Բենիամին Մաթևոսյան
15 Հուլիսի 2026, 12:44
Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք Հայաստանը վերածվել է դասական ավտորիտար պետության։ Այս մասին «Հայաստանը ավտորիտարիզմի ճանապարհին» թեմայով պանելային քննարկման ժամանակ հայտարարել է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։
Նրա խոսքով՝ իշխանությունն ամեն կերպ փորձում է համոզել ինքն իրեն, թե քաղաքացիներն իրենց դեմ են քվեարկել բացառապես «ընտրակաշառքի» ազդեցությամբ։
«Երբ քննարկում էինք մեր այս միջոցառման թեման, հարց բարձրացավ՝ արդյոք փաշինյանական Հայաստանն ավտորիտար երկիր է։ Այո՛, միանշանակ։ Այն, ինչ տեղի է ունենում մեր երկրում, ավտորիտարիզմի դասական դրսևորում է։ Ինչո՞ւ են որոշ վեպեր համարվում դասական. որովհետև դրանցում շարադրված պարզ ճշմարտությունները մշտապես կրկնվում են կյանքում։
Այս փուլում վերընթերցում էի Գաբրիել Գարսիա Մարկեսի «Նահապետի աշունը» վեպը։ Այնտեղ մի դրվագ կա, երբ բռնապետի մահվանից հետո մարդիկ ներխուժում են պալատ, բայց նախքան այդ՝ նահապետը հրամայում է հարցաքննել ձերբակալվածներին այնքան ժամանակ, մինչև նրանք չտան այն պատասխանը, որը նա ուզում է լսել իր սրտի խորքում։ Մեզ մոտ հիմա նույնն է»,- նշել է Բենիամին Մաթևոսյանը։