Փաշինյանը չի շտապում դուրս գալ ԵԱՏՄ-ից, քանի դեռ ԵՄ-ին անդամակցելու երաշխիքներ չկան․ Իգոր Յուշկով
10 Օգոստոսի 2026, 21:30
ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի փորձագետ, Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի առաջատար վերլուծաբան Իգոր Յուշկովը Alpha News-ին մեկնաբանել է Հայաստանի իշխանությունների հայտարարությունները երկրի՝ Եվրամիությանը հնարավոր անդամակցության և ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ։
Փորձագետի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը մտադիր է շարունակել Եվրամիությանն ինտեգրվելու քաղաքականությունը, բայց միաժամանակ պահպանել Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ), մինչև Եվրամիություն ընդունվելու հստակ երաշխիքներ լինեն։
«Ինձ թվում է՝ Փաշինյանն, ըստ էության, բաց տեքստով ասում է, որ շարունակելու է նախապատրաստվել Եվրամիությանն անդամակցելուն և կամավոր դուրս կգա ԵԱՏՄ-ից։ Առնվազն այն ժամանակ, երբ արդեն լիովին հստակ լինի, որ Հայաստանը կընդունվի ԵՄ։ Քանի որ յուրաքանչյուր փուլում նա ցանկանում է ստանալ այն օգուտներն ու առավելությունները, որոնք Հայաստանին հասանելի են տվյալ միավորման շրջանակում։ Եթե նա հիմա դուրս գա ԵԱՏՄ-ից և բացահայտ հայտարարի, որ Հայաստանը ցանկանում է անդամակցել Եվրամիությանը, ապա երկիրը կկորցնի այն առավելությունները, որոնք ներկայումս ստանում է ԵԱՏՄ անդամակցության շնորհիվ»,- ասել է Յուշկովը։