Փաշինյանը փորձեց Սփյուռքը ևս պառակտել, բայց չկարողացավ. Վարժապետյան
17 Ապրիլի 2026, 20:30
Ֆրանսահայ համայնքը շարունակում է մնալ Սփյուռքի կարևորագույն կենտրոններից մեկը, սակայն վերջին տարիներին Հայաստանի ներկայիս իշխանություններին հաջողվել է պառակտման փորձեր անել նաև ամենամեծ հայկական գաղութներից մեկում։ AlphaNews-ի հետ զրույցում ասել է Հայ Հեղափոխական Դաշնակցության Արևմտյան Եվրոպայի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Հրաչ Վարժապետյանը։
«Պետք չէ ձևացնել, թե Սփյուռքում, մասնավորապես՝ ֆրանսահայ համայնքում, կա լիակատար միաձայնություն։ Եղել են պառակտման փորձեր: Այդ փորձերը կատարվել են Հայաստանի իշխանությունների կողմից՝ տարբեր ներկայացուցիչների միջոցով: Ցավոք, որոշակի հաջողություններ են արձանագրել»,- նշել է Վարժապետյանը։
Միևնույն ժամանակ,նա վստահեցրել է, որ համայնքի մեծամասնության դիրքորոշումը Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունների հարցում հստակ է։
«Ֆրանսահայության մեծամասնությունը կողմ է իշխանափոխության և ռեժիմի փոփոխությանը»,- ընդգծել է նա։
Հրաչ Վարժապետյանիխոսքով՝ նման դիրքորոշման հիմնական պատճառներից մեկը Հայոց ցեղասպանության հարցում ձևավորված քաղաքականությունն է։
«Սփյուռքի համար Ցեղասպանության ճանաչումը կարմիր գիծ է, և երբ այդ հարցում կասկածներ առաջացան, դա լուրջ արձագանք առաջացրեց»,- նշել է Վարժապետյանը։
Ըստ նրա՝ Սփյուռքի համար կարևոր է նաև պահանջատիրության հարցը, ներառյալ պատմական և տարածքային խնդիրները։