Փեզեշքիանն ու Ալիևը քննարկել են Ադրբեջանից իսրայելական ԱԹՍ-ների թռիչքի մասին հաղորդագրությունները
29 Հունիսի 2025, 18:20

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույց է ունեցել իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ: Քննարկման թեմա են դարձել Իրանի վրա հարձակման նպատակով Ադրբեջանի տարածքում իսրայելական անօդաչու թռչող սարքերի հնարավոր թռիչքի մասին հաղորդագրությունները։ Այս մասին հաղորդում է «ԻՐՆԱ»լրատվական գործակալությունը:
Փեզեշքիանը նշել է, որ Թեհրանը շարունակում է ուշադիր հետևել երկրի անվտանգության հետ կապված բոլոր ասպեկտներին և ընդգծել է ստացվող տեղեկատվությունը թափանցիկության և փոխադարձ հարգանքի ոգով ստուգելու անհրաժեշտությունը:
«Իրանը մշտապես որդեգրել է բարիդրացիության քաղաքականություն և հանդես է գալիս տարածաշրջանի բոլոր երկրների հետ բարեկամական կապերի զարգացման օգտին», — ընդգծել է նա:
Ալիևը հայտարարել է, որ «Բաքուն կտրականապես բացառում է Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին հարվածներ հասցնելու համար իր օդային տարածքն օգտագործելու հնարավորությունը»:
«Մենք Իրանը դիտարկում ենք որպես բարեկամ և եղբայրական պետություն, և թույլ չենք տա, որ մեր տարածքը կամ օդային տարածքն օգտագործվի այդ սկզբունքին հակասող նպատակներով»,- նշել է նա: