Իշխանության ուշացած անկեղծությունը վերաարտահանման մասին
11 Հունիսի 2025, 18:00
Հայաստանի արդյունաբերությունն՝ ազատ անկման մեջ։ Բացասական է թե՛ հանքարդյունաբերությունը, թե՛ մշակող արդյունաբերությունը։ Որպես օրինակ, մշակող արդյունաբերությունը ընթացիկ ժամանակահատվածում 23,5 տոկոսանոց անկում է գրանցել։
Այս տարվա հունվար-ապրիլին՝ 2024 թ․ հունվար-ապրիլի համեմատ, ընդհանուր արդյունաբերությունը նվազել է 16,1%-ով։ Ընդ որում, հանքարդյունաբերությունը՝ 6,8 %, մշակող արդյունաբերությունն, ինչպես արդեն նշվեց՝ 23,5 % է նվազել։
Մշակող արդյունաբերության անկումը մեծապես պայմանավորված է հիմնական մետաղների և ոսկերչական արտադրատեսակների արտադրության 70 % + անկմամբ, ինչը պատահականություն չէ․ չեզոքացել է ոսկու վերաարտահանման գործոնը։ Սննդի արտադրությունը 5,1 % աճ է ապահովել, բայց դա պայմանավորված է նախորդ տարիների ցածր բազայով։
Եվ այսպես, Հայաստանի տնտեսության առանցքը, արտահանելի արդյունք ապահովող ուղղությունն ընթացիկ ժամանակաշրջանում խիստ մտահոգիչ պատկեր է ցուցադրում։ Որքան էլ զվարճությունները, առևտուրը և անտրամաբանորեն ավելացող շինարարությունն ապահովեն որոշակի վիճակագրություն, տնտեսությունն առանց արդյունաբերության նման է առանց ֆունդամենտի կառուցվող տան։ Որո՞նք են, ի վերջո, անկման պատճառները։ Արդյո՞ք միայն բազային էֆեկտով վիճակագրական անկումն է մտահոգությունը։
Խնդիրը նրանում է, որ հատկապես արտաքին անկախ գործոնների դրական շոկերի ժամանակ մեծ անհրաժեշտություն կար արտահանելի ուղղություններին աջակցելու, հատկապես որ դրամի արժևորումը հարված է այդ ուղղությանը։ Մինչդեռ նման քաղաքականություն չիրականացվեց կամ առնվազն արդյունավետ չիրականացվեց, ինչի արդյունքում արտահանելի ուղղություններն անկումային էին․ կարող ենք հիշել թե՛ սննդի, թե՛ խմիչքների, թե՛ կաշվե արտադրատեսակների բացասական միտումները։ Բերենք օրինակը սննդի մասով։
2022 թ․ հունվար-ապրիլին սննդի արդյունաբերությունը դրական էր։ Սա այն ժամանակաշրջանն է, երբ ամբողջությամբ չէր կլանել արտաքին դրական շոկը։ Արդեն 2023 թ․ և 2024 թ․ մշակող արդյունաբերոթյունը վերաարտահանումների արդյունքում բարձր աճեր ուներ, մինչդեռ արտահանելի սննդի արդյունաբերությունը՝ բացասական էր։ Սննդի օրինակը մեկն է եղածներից։
Այս ամենից զատ, վերջին շրջանում իշխանական քարոզչության մեջ տրամաբանություն է փոխվել, օրինակ, մասնավորապես վերաարտահանման գործոնի վերաբերյալ։ Նախկինում, երբ վերաարտահանման ազդեցությունները դրական էին, իշխանությոունը տնտեսության աճերը չէր շտապում վերաարտահանման արդյունք համարել, մինչդեռ այսօր արդեն, երբ դրանք բացասական նպաստում ունեն տնտեսության տարբեր ճյուղերին, պնդում են, որ այդ գործոնների ո՛չ դրական, և ո՛չ էլ բացասական աճերը առանձնապես նշանակություն չունեն տնտեսության համար։ Իշխանությունն անկեղծանում է, սակայն սա ուշացած անկեղծություն է, որը հավասարազոր է իրենցից անկախ գործընթացները քարոզչական նպատակներով շահարկելու ինքնախոստովանության։
Քարոզչական շահարկումներ, որոնց ներքո էլ գտնվում էինք նախորդ տարիների ընթացքում։