Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

Ո՞րն է Հայաստանի ռազմավարական ընտրությունն այսօր

04 Սեպտեմբերի 2023, 22:00

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն։

Սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Անկախության հռչակման օրը, Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել իտալական La Repubblica-ին, որտեղ կրկին հնչեցրել է մի շարք ուշագրավ, և միաժամանակ, վտանգավոր մտքեր։

Ի թիվս այլի, Փաշինյանը հայտարարել է, որ իր կարծիքով, Հայաստանը Ռուսաստանի և Արևմուտքի միջև չէ: «Մենք իրականում Վրաստանի, Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի արանքում ենք, և հետևաբար, մեր պետության անվտանգության շահերն առաջին հերթին պարտադրում են, որպեսզի մենք կայուն և կարգավորված հարաբերություններ ունենանք մեր հարևանների հետ»,-ասել էր Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանն այս հայտարարությունն արել է իր մյուս հայտարարության համատեքստում, երբ, խոսելով Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական գործընկերության մասին, նա հայտարարել էր, որ անվտանգային ոլորտում կախվածություն կամ կապվածություն ունենալ միայն մի տեղից, ինքնին ռազմավարական սխալ է:

Շարքային քաղաքացու համար այս միտքը կարող է օպտիմալ թվալ, բայց դրա ենթատեքստը, ինչպես նաև ամբողջ հարցազրույցի ենթատեքստը, հագեցած էր բոլորովին այլ գաղափարով՝ «Հայաստանի անվտանգային համակարգի տարածաշրջայնացման» գաղափարով: Ո՞րն է այս գաղափարը, ե՞րբ է այն առաջացել, ինչի՞ն է միտված, և ինչպե՞ս կարող է փոխել տարածաշրջանի դիմագիծը։

Տարածաշրջանի «աշխարհաքաղաքական դիմագծի» փոփոխությունը, ինչին ակնհայտորեն, ուղղված են արևմտյան բանակցային հարթակում Հայաստանի և Ադրբեջանի՝ 2021թ. ապրիլից մեկնարկած բանակցությունները, վկայում է այն մասին, որ վերափոխումը չի ավարտվի Արցախը Ադրբեջանի կազմում թողնելով և տասնյակ հազարավոր ադրբեջանցիների «վերաբնակեցմամբ» Հայաստանում, որը նաև ներառում է Անկարայի, Բաքվի և Երևանի միջև նոր տարածաշրջանային ռազմաքաղաքական միավորման ստեղծումը։

Հայաստանի և Ադրբեջանի միջև վաշինգտոնյան բանակցությունների օրերին (2023թ. մայիս) ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուի Բոնոն նշում էր, որ ԱՄՆ-ը ձգտում է, որպեսզի կողմերը կարգավորեն իրենց հարաբերությունները, կարողանան միասին ապրել, ամրապնդել տնտեսական կապերը և, նույնիսկ, իրենց հավաքական անվտանգությունը տարածաշրջանում:

«Հավաքական անվտանգությունը» ենթադրում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմաքաղաքական դաշինքի ստեղծում, և քանի որ Միացյալ Նահանգները զրկված են տարածաշրջանում «գործընթացները գետնի վրա համակարգելու» հնարավորությունից, Թուրքիան, որպես տարածաշրջանում ԱՄՆ-ի ամենակարևոր գործընկեր, ՆԱՏՕ-ի հարավկովկասյան «օպերատոր», պետք է դառնա այս դաշինքի «կուրատորը»:

Վաշինգտոնյան հանդիպումից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը սկսել է աշխատել «տարածաշրջանային անվտանգության օրակարգի» վրա: Իր նախավերջին ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ «ՀՀ-ն փնտրում է անվտանգության երաշխիքներ տարածաշրջանում», իսկ, ահա, արդեն իր հուլիսյան ասուլիսի բացման խոսքում նա նշեց, որ Հայաստանի համար կենսական նշանակություն է ստանում տարածաշրջանային ոչ կոնֆրոնտացիոն քաղաքականության մշակումը, զարգացումը, իրագործումը և տարածաշրջանային ապագայի ճարտարապետության մեջ Հայաստանի տեղի ու դերի հստակեցումը։

Նման ձևակերպումներով Փաշինյանն ազդարարում է, որ Երևանը գնում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ ժամանակավոր դաշինք ձևավորելու ճանապարհով։

Ինչու՞ «ժամանակավոր», քանզի Ադրբեջանն ու Թուրքիան բաց չեն թողնի «Հայաստանի հետ հարցերը փակելու» պատմական հնարավորությունն այն բանից հետո, երբ ռուսական կոնտինգենտն այստեղից դուրս բերվի։

Աշխարհի (հատկապես Սիրիայի) հայերի մոտ կարող է հարց առաջանալ՝ արդյոք Հայաստանի ներկայիս իշխանությունը չի՞ հասկանում երկրին սպառնացող վտանգը, այն պայմաններում, երբ պետության անվտանգությունն իրականում կախված կլինի Թուրքիայի և նրա ղեկավարության կամքից, որը երբեք չի էլ թաքցրել, որ Հայաստանն ընկալում է որպես արհեստական քաղաքական սուբյեկտ։

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, թե «հայերը եղել են, կան և կլինեն, բայց պետականությունը վտանգի տակ է», վկայում է այն մասին, որ նա հասկանում է տեղի ունեցողի վտանգը։ Սակայն կա մի նրբերանգ՝ միայն նման Հայաստանում, որը «Թուրքիայի դաշնակիցն» է (թեկուզ ժամանակավոր), ներկայիս իշխող թիմը քաղաքական ապագա ունի։