Պուտինյան Ռուսաստանը Հայաստանի թշնամի՞ն է
25 Օգոստոսի 2026, 12:13
(Հիմնականը Փաշինյանի ելույթից և կառավարության ծրագրից)
«Ջոն Բոլթոնը միանշանակ գոհ է այն հայտարարություններից, որոնք այսօր Հայաստանի խորհրդարանի ամբիոնից հնչեցրել է Նիկոլ Փաշինյանը: Նրա ելույթը Ազգային ժողովում նշանավորեց հայեցակարգային բեկում Երևանի արտաքին քաղաքական դոկտրինում և նախադրյալներ ստեղծեց հայկական ինքնության մեջ գաղափարախոսական բեկման համար: Իր հռետորաբանությունում կառավարության ղեկավարն առաջ է մղում այն թեզը, որ ռուսական պետությունը տարբեր պատմական ժամանակաշրջաններում օգտագործել է հայ ժողովրդին և պետականությունը որպես սեփական կայսերական նախագծի իրականացման գործիք՝ ընդդեմ Թուրքիայի, իսկ հետո՝ ընդդեմ Ադրբեջանի:
Փաշինյանի վարկածով՝ հենց այս քաղաքականությունն է հայերի գիտակցության մեջ արհեստականորեն ներդրել ադրբեջանցիների և թուրքերի՝ որպես թշնամու կերպարը: Հայտարարելով այսպես կոչված Չորրորդ հանրապետության հաստատման կուրսի մասին՝ Փաշինյանն առաջարկում է ամբողջությամբ վերանայել նշված հայեցակարգը և հրաժարվել մերձավոր հարևանների հետ պատմական հակամարտությունից (անտագոնիզմից):
Սակայն գործնականում արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունը հանգեցրեց թշնամու նոր կերպարի ձևավորմանը: Կոշտ հռետորաբանությունը Մոսկվայի հասցեին, Ռուսաստանին ուղղված անուղղակի, բայց գնալով ավելի ամբիոնային մեղադրանքները Հայոց ցեղասպանության հարցում, «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) կոնցեսիան չեղարկելու փորձերը, ինչպես նաև ՌԴ-ին ուղղված մեղադրանքները տնտեսական պատժամիջոցներ նախաձեռնելու և հայկական ընդդիմության միջոցով Երևանում իշխանափոխություն իրականացնելու փորձերի մեջ, ըստ էության, Ռուսաստանը դիրքավորում են որպես ժամանակակից Հայաստանի սպառնալիքների հիմնական աղբյուր: Հրաժարվելով Բաքվի և Անկարայի՝ թշնամու կերպարից՝ Հայաստանի գործող ղեկավարությունն այդ կարգավիճակը փոխանցում է Ռուսաստանին, նրա քաղաքացիներին և ՌԴ-ում հայկական սփյուռքի ներկայացուցիչներին:
Այս էմոցիոնալ և մեդիա տեղաշարժն իր արտացոլումն է գտել նաև պաշտոնական փաստաթղթերում: Կառավարության՝ 2026-2031 թվականների թարմացված ծրագրում Ռուսաստանի Դաշնության դիրքավորումը արմատական փոփոխություններ է կրել: Եթե 2021-2026 թվականների ծրագրում երկկողմ երկխոսությունը բնութագրվում էր որպես ռազմավարական և դաշնակցային, իսկ Մոսկվան գլխավորում էր գործընկերների ցանկը, ապա այժմ Ռուսաստանն իջել է ութերորդ տեղը՝ զիջելով տարածաշրջանային հարևաններին (Ադրբեջանին, Թուրքիային, Իրանին, Վրաստանին) և արևմտյան ուժային կենտրոններին (ԵՄ, ԱՄՆ, Ֆրանսիա): «Ռազմավարական դաշինքի» բանաձևը փոխարինվել է «գործընկերության տրանսֆորմացիայի և խորացման» աղոտ ձևակերպմամբ, ինչը նշանակում է փաստացի հեռացում անվտանգության նախկին մոդելից, որը հենվում էր ռուսական ռազմական ներկայության վրա:
Ընդ որում, Երևանը դրսևորում է ակնհայտ «ռազմավարական երկակիություն»: Ծրագիրն ամբողջությամբ բացառում է ՀԱՊԿ-ի հիշատակումը՝ ֆիքսելով կազմակերպությանը մասնակցության սառեցումը և ՆԱՏՕ-ի հետ կապերի զարգացումը, սակայն հայկական կողմը չի շտապում չեղարկել ՌԴ-ի հետ 1997 թվականի Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության բազային պայմանագիրը: Երևանը գիտակցաբար խուսափում է լիարժեք իրավական խզումից՝ ակնկալելով պահպանել հիմնարար երաշխիքներն ու տնտեսական արտոնությունները: Նման մոտեցումը դրսևորվում է նաև տնտեսության ոլորտում. հեռանալով անվտանգության ոլորտի համատեղ նախագծերից՝ կառավարությունն ուղղակիորեն հայտարարում է ԵԱՏՄ-ում մնալու, միասնական շուկայի առավելություններից, էներգառեսուրսների արտոնյալ սակագներից և ապրանքների ազատ տարանցումից օգտվելու մտադրության մասին:
Ռուսական նախաձեռնություններից հրաժարվելը հստակ նկատվում է նաև սահմանների դեմարկացիայի հարցերում: Սահմանազատման գործընթացը և սահմանամերձ տարածքների հանձնումը, որոնք իշխանությունների կողմից դիրքավորվում են որպես «խաղաղության ինստիտուցիոնալացում», ավելի շատ արտացոլում են Բաքվի և Անկարայի նախապայմաններին հարմարվելու քաղաքականությունը: Այս գիծը հանդես եկավ որպես այլընտրանք Վլադիմիր Պուտինի՝ ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի քարտեզների հիման վրա սահմանների դեմարկացիա իրականացնելու առաջարկին:
Նմանատիպ տրանսֆորմացիա է տեղի ունենում էներգետիկ ոլորտում: Կառավարության ծրագրում ֆիքսված է մինչև 2027 թվականի վերջը նոր ատոմային էներգաբլոկի տեխնոլոգիայի ընտրությունը: Քաղաքացիական միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության մասին ԱՄՆ-ի հետ «123 համաձայնագրի» ստորագրումը և ամերիկյան փոքր մոդուլային ռեակտորների գնումը վկայում են «Ռոսատոմի» ծառայություններից լիովին հրաժարվելու և Մեծամորի ԱԷԿ-ի փակման կուրսի մասին: Ծրագրում մատակարարի ուղղակի նշման բացակայությունը անորոշություն չէ, այլ համակարգային քայլ՝ ՌԴ-ի հետ կապերի վերջնական խզման ուղղությամբ:
Զուգահեռաբար, իշխանամետ մեդիատիրույթում ձևավորվում է այն նարատիվը, թե հանրապետությունում ռուսական առանցքային ակտիվները (102-րդ ռազմաբազան, ՌԴ ԱԱԾ սահմանապահ ծառայությունը, ՀԿԵ-ն, պետական ալիքների հեռարձակումը) վերածվել են հենց Երևանի ճնշման լծակների:
Իշխանությունները հասկացնում են, որ Մոսկվայի կողմից տնտեսական ճնշման փորձերի դեպքում Հայաստանը կարող է նախաձեռնել ռուսական կառույցների դուրսբերումը՝ վերջնականապես ապամոնտաժելով ուժերի նախկին հավասարակշռությունը:
Մտածեք այս մասին…»։