Թանկացումները հարկային քաղաքականության արդյունք են
10 Մայիսի 2025, 19:00
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ սպառողական գների ինդեքսը (ՍԳԻ) 2025 թվականի ապրիլին կազմել է 3,2%: Կուտակային այդ ցուցանիշի բացվածքի համաձայն` սննդամթերքն, օրինակ, թանկացել է ավելի արագ` 5,2 %-ով: Ծառայություններն՝ առողջապահությունը, կրթությունը, տրասպորտը շատ ավելի մեծ թանկացումներ են գրանցել (տե’ս նկար 1):
Նկար 1.
Քաղաքացու համար առաջնային նշանակության են հատկապես սննդի գները, որի ուսումնասիրությունն առանձին ապրանքախմբերով ևս մտահոգիչ պատկեր է ցուցադրում (տե’ս նկար 2):
Նկար 2.
Ըստ այդմ՝ հացաբուլկեղեն և ձավարեղեն ապրանքախմբում ունենք 2 % թանկացում, բանջարեղենի և մրգի դեպքում` 17,9 % և 7,9 % համապատասխանաբար:
Ծխախոտը թանկացել է 6,4 %-ով: Որոշ նվազում ունենք կաթնամթերքի ապրանքախմբում` — 1,9 %:
Հիշեցնենք, որ գների փոփոխությունները դեռ 2020 թվականից սկսված գնաճի բարձր ալիքի բազայի համեմատ են: Միաժամանակ, սրանք պարզապես թվեր կամ վիճակագրություն չեն. սպառողական գների վիճակագրությունը քաղաքացու վճարունակության ուղիղ հարվածի մասին է:
Որոշ ենթադրություններ` ելնելով վերոնշյալից.
- Մենք շարունակական թանկացումների ներքո ենք այն դեպքում, երբ չեն ավելանում բնակչության եկամուտները: Հիշեցնենք, որ առնվազն երկու տարի ՀՀ-ում չեն բարձրացել նվազագույն թոշակներն ու նվազագույն աշխատավարձը: Այսինքն՝ բնակչության եկամուտների ինդեքսացիա չի եղել, բայց թանկացումները շարունակվում են:
- Այն բոլոր պնդումները, թե միջին աշխատավարձը բարձրացել է մեզ մոտ, պարզապես վիճակագրության շահարկում է: Բանն այն է, որ միջին աշխատավարձը բարձր և ցածր աշխատավարձ ստացողների եկամուտների միջինացված ցուցանիշն է: Մեզ մոտ վերջին տարիներին, այդ բարձր աշխատավարձ ստացողների եկամուտներն էականորեն աճեցին` ազդելով միջին ցուցանիշի վրա: Բայց դա, փաստորեն բոլորին չի վերաբերում, քանի որ այդ մարդկանց թիվն ընդհանուրի մեջ փոքր է:
- Մյուս կողմից, թանկանում են ոչ միայն սպառողական ապրանքները` պարենային, ոչ պարենային, ինչը կարող է կապված լինել արտաքին շուկաներում զարգացումների հետ, այլև` ծառայությունները: Սա, առավելապես, իրականացվող քաղաքականության արդյունք է, այդ թվում`հարկային:
- Ի վերջո, օրերս Կենտրոնական բանկը անփոփոխ թողեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Վերջինս` դրա բարձրացումը, նվազեցումը կամ ամփոփոխ թողնելը ապագային միտված գործողություն է: Երկրորդ անգամ վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ թողնելը խոսում է մոտ ապագայում գնաճի հետ կապված հնարավոր խնդիրների մասին: