ՌԴ-ն ավելի քիչ պահանջներ ունի Բաքվից, քան Երևանից, քանի որ Հայաստանը դաշնակից է. Դմիտրի Սուսլով

15 Հուլիսի 2026, 23:00

Քաղաքականություն

Համաշխարհային տնտեսության և համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի Եվրոպական և միջազգային համալիր հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն Դմիտրի Սուսլովը Alpha News-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքները, Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի և Եվրոպայի մոտեցումներն ու Մոսկվայի և ՆԱՏՕ-ի երկրների միջև ուղիղ բախման հավանականությունը, Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հակառուսական հայտարարությունների վերաբերյալ ՌԴ դիրքորոշումը, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամն ու Մոսկվայի արձագանքը Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանը:

«ԱՄՆ-ն և ԵՄ-ն ձգտում են զրկել Ռուսաստանին հաղթանակից և հակամարտությունն ավարտել փաստացի «ոչ-ոքի» արդյունքով։ Նրանց նպատակն է՝ հրադադարի պայմաններում ստիպել Մոսկվային գնալ զիջումների, այնուհետև Ուկրաինայում տեղակայել եվրոպական ռազմական ստորաբաժանումներ և ամրապնդել Եվրոպայի ու Ուկրաինայի պաշտպանական համակարգերի կապը»,- հայտարարել է Սուսլովը։

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պրոուկրաինական հայտարարություններին՝ փորձագետը բացատրել է, թե ինչու է Մոսկվան զուսպ արձագանքել դրանց։

«Ուկրաինական հակամարտության վերաբերյալ պաշտոնական Բաքվի դիրքորոշումը չի փոխվել․ Ալիևն ի սկզբանե սատարել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և չի աջակցել հատուկ ռազմական գործողությանը։ Այժմ Մոսկվան ու Բաքուն գործում են «համաձայնել չհամաձայնելու» սկզբունքով․ Ուկրաինայի հարցում տարաձայնությունները մնում են, բայց դրանք փորձում են ժամանակավորապես դուրս թողնել փակագծերից և կարգավորել քաղաքական հարաբերությունները։ Ռուսաստանը ողջունում է Ալիևի պատրաստակամությունը կարգավորման հարցում, թեև Ադրբեջանն ուկրաինական հարցում դաշնակից չի համարվում»,- նշել է Սուսլովը։

Փորձագետի խոսքով՝ Ռուսաստանը ցանկանում է, որ Հայաստանում օր առաջ անցկացվի ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե, որպեսզի դրանից հետո հստակեցնի իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ։

«Պատահական չէ, որ Ռուսաստանը սահմանափակումներ է դնում հայկական արտադրանքի վրա և պնդում հանրաքվեի անցկացումը։ Հայաստանը շարունակում է մնալ Ռուսաստանի դաշնակիցը՝ լինելով ԵԱՏՄ անդամ և փաստացի՝ ՀԱՊԿ-ի անդամ, երկրում գործում է ռուսական ռազմաբազա, ինչպես նաև պահպանվում է սերտ ռազմական համագործակցությունը։ Սակայն միաժամանակ Երևանը մերձենում է Մոսկվայի հակառակորդների հետ և հայտարարում է ԵՄ-ին անդամակցելու մտադրության մասին։ Ռուսաստանը նման վերակողմնորոշումն անընդունելի է համարում և պահանջում է հանրաքվե անցկացնել ոչ միայն ԵՄ-ին անդամակցության հարցով, այլև՝ ընդհանուր առմամբ Նիկոլ Փաշինյանի կառավարության վարած քաղաքական կուրսի վերաբերյալ»,- նշել է «Alpha News»-ի զրուցակիցը։

Հիմա եթերում