Ռեյմոնդ Դամադյան․ Առաջին ՄՌՏ-ի գյուտարարը
16 Մարտի 2025, 22:50

Մարտի 16-ին ամերիկահայ գյուտարար, մագնիսական ռեզոնանսային պատկերի (ՄՌՏ) ախտորոշման սարքի ստեղծող Ռեյմոնդ Դամադյանի ծննդյան օրն է:
Ռեյմոնդ Դամադյանը ծնվել է 1936 թվականին ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգում՝ հայ ընտանիքում։ Նա սովորել է Վիսկոնսինի բժշկական համալսարանում, որտեղ էլ 1956 թ. ստացել է մաթեմատիկայի բակալավրի գիտական աստիճան, իսկ 1960 թվականին Նյու Յորքի Ալբերտ Էյնշտեյնի անվան բժշկական քոլեջում ստացել է դոկտորի գիտական աստիճան։ Պատանեկության տարիներին զբաղվել է արվեստով, ջութակ է նվագել։
1971 թվականին, որպես Հարվարդի ասպիրանտ, Դամադյանը Science ամսագրի համար նախատեսված հոդվածում առաջին անգամ առաջարկել է միջուկային մագնիսական ռեզոնանսն օգտագործել քաղցկեղի ախտորոշման համար՝ նշելով, որ ուռուցքներն ու առողջ հյուսվածքները տարբեր կերպ են արձագանքում մագնիսական դաշտերին: Չնայած առաջին փորձերի դժվարություններին՝ գիտնականը կանգ չի առել: 1974 թ-ին նա արտոնագիր է ստացել ՄՌՏ-ի օգտագործման համար՝ չարորակ նորագոյացություններն ախտորոշելու համար, չնայած պատկերման հատուկ մեթոդը մնում էր անհասկանալի:
1978 թվականին Դամադյանը հիմնել է FONAR ընկերությունը, որը մասնագիտացած է ՄՌՏ սկաներների արտադրության մեջ։ Նա աշխատել է առաջատար մասնագետների հետ, այդ թվում՝ էլեկտրասրտագրիչներ ստեղծող Վիլսոն Գրեյթբաթչը։ Դամադյանը վերջինիս հետ համագործակցել է ՄՌՏ-ով կարդիոստիմուլյատորի (սրտի ռիթմավարի) ստեղծման ուղղությամբ։ Դամադյանը նաև հայտնագործել է ՄՌՏ-ի «կայուն համակարգ» և դարձել է ԱՄՆ-ում 15 կենտրոնի սեփականատեր:
Ռեյմոնդ Դամադյանի նվաճումները բարձր են գնահատվել։ 1988 թվականին նա արժանացել է Տեխնոլոգիայի ոլորտի Ազգային շքանշանի։ «Ամբողջ մարմնի համար» առաջին օրիգինալ սքաները այժմ գտնվում է Օհայո նահանգի Ակրոն քաղաքի Գյուտարարների փառքի սրահի ազգային պատկերասրահում։ 2001 թվականին գիտնականը ստացել է Lemelson-MIT մրցանակը՝ որպես «մարդ, ով հայտնագործել է ՄՌՏ սքաները»։
Ռեյմոնդ Դամադյանը կյանքից հեռացել է 2022 թ-ի օգոստոսի 3-ին՝ 86 տարեկանում։