«Ռոբին Հուդ»-ից մինչև «Վիշապի դաջվածքով աղջիկը». Արտյոմ Կարապետյանը՝ կադրում և կադրից դուրս
28 Հունիսի 2025, 22:00

1926 թվականի հունիսի 28-ը Արտյոմ Կարապետյանի՝ կինոյի և թատրոնի ականավոր դերասանի ծննդյան օրն է, ում անունն ամուր կապված է կրկնօրինակման արվեստի հետ: Նրա ձայնը դարձել է խորհրդային և ռուսական կինոյի անբաժանելի մասը՝ հնչելով հարյուրավոր ֆիլմերում և հեռուստասերիալներում։
Կարապետյանը ծնվել է Թիֆլիսում՝ բանվորի ընտանիքում։ Ա. Գրիբոյեդովի անվան ռուսական դրամատիկական թատրոնին կից ստուդիան ավարտելուց հետո 1949 թվականին դերասանական կարիերան սկսել է Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում: Հետագայում աշխատել է երաժշտական կոմեդիայի թատրոնում, Թբիլիսիի թատրոնում և Հայաստանի պետական հեռուստառադիոընկերությունում։ 1961-1992 թվականներին եղել է Մ. Գորկու անվան կինոստուդիայի դերասան, իսկ 1990-ականներին՝ НТВ-ում հնչյունավորման ռեժիսոր։
Նրա ձայնը ճանաչելի և սիրված է. նա հնչյունավորել է այնպիսի դերասանների, ինչպիսիք են Քրիստոֆեր Փլամերը, Մաքս ֆոն Սյուդովը, Դևիդ Թյուլիսը, Էլի Ուոլլակը: Կրկնօրինակման մեջ նրա մասնակցությամբ ֆիլմերից են «Անիծվածների կղզի»-ն, «Հարրի Փոթերը և մահվան պարգևները», «Դոկտոր Փարնասոսի երևակայությունը», «Ռոբին Հուդ», «Անանուն», «Սողոմոն Քեյնը», «Վիշապի դաջվածքով աղջիկը» և այլն։
Արտյոմ Կարապետյանը կյանքից հեռացել է 2011 թվականի նոյեմբերի 18-ին՝ իրենից հետո թողնելով ստեղծագործական հարուստ ժառանգություն և ձայն, որը այսօր էլ շարունակում է հնչել հեռուստադիտողների հիշողության մեջ: