Ռուս-հայկական հարաբերություններում առկա խնդիրների պատասխանատուն ՀՀ-ի իշխանություններն են․ Կոնստանտին Զատուլին
24 Հունիսի 2026, 20:00
ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը «Պրիմակովյան ընթերցումներ» 12-րդ միջազգային գիտագործնական համաժողովի շրջանակում Alpha News-ին տված հարցազրույցում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակին, Հայաստանի իշխանությունների քաղաքականությանը և Մոսկվայի ու Երևանի հետագա համագործակցության հեռանկարներին։
Պատգամավորը նշել է, որ Երևանի հույսերը՝ պահպանել նախկին հարաբերությունները Մոսկվայի հետ՝ շարունակելով ներկայիս քաղաքականությունը, իրական հիմքեր չունեն։
«Ինձ զարմացնում են ՀՀ-ի իշխանությունների այսպես կոչված հույսերը, թե անկախ այն ամենից, ինչ նրանք անում են կամ պատրաստվում են անել, մենք որևէ կերպ չպետք է արձագանքենք դրան։ Կարծում եմ՝ դրանք դատարկ հույսեր են։
Ռուս-հայկական հարաբերություններում այսօր առկա խնդիրների հիմնական պատասխանատուն, անշուշտ, ՀՀ-ի իշխանություններն են, որոնք բացահայտորեն ձգտում են մերձենալ ՌԴ-ի աշխարհաքաղաքական հակառակորդներին՝ այն ուժերին, որոնք իրենց նպատակն են հռչակել ՌԴ-ի ռազմավարական պարտությունը։
Միաժամանակ, սեփական բնակչությանը հանգստացնելու նպատակով պատմություններ են ներկայացվում այն մասին, թե ՌԴ-ն չպետք է անհանգստանա այդ ամենի համար։ Այն, որ ՌԴ-ին դավաճանում են, որ, ըստ էության, նրան լքում են, իբր չպետք է հուզի նրան։ Կուզենայի տեսնել որևէ այլ երկիր, այդ թվում՝ Հայաստանը, նման մարտահրավերի դեպքում այսպես արձագանքեր»,- ասել է Զատուլինը։