Ռոզալիա Աբգարյան. հերոսական կյանքի և մանկավարժական նվիրումի 103 տարի
17 Հունիսի 2026, 20:00
Ռոզալիա Աբգարյան՝ անվախ կապավոր, Հայրենական մեծ պատերազմի վետերան և վաստակավոր մանկավարժ: Նա ծնվել է 1923 թվականի հունիսի 17-ին Թբիլիսիում՝ մտավորականի ընտանիքում: Նրա հայրը՝ Սերգեյ Աբգարյանը, որն անցել էր Կարսի ջարդերի արհավիրքների միջով, բոլշևիկ էր և անկոտրում կամքի տեր մարդ:
Վաղ տարիքից Ռոզալիան դրսևորել է ոչ միայն բացառիկ երաժշտական տաղանդ, այլև ուժեղ կամք՝ հաղթելով Մոսկվայում անցկացված պատանի երաժիշտների համամիութենական մրցույթում: 18 տարեկանում, ավարտելով դպրոցը, նա անցել է զինվորական կարճատև դասընթացներ և մեկնել ռազմաճակատ: Արևելյան ճակատում Ռոզալիան ծառայել է որպես կապավոր՝ դառնալով կյանքի և մահվան միջև կապող օղակ։ Ստալինգրադի մատույցներում մղվող մարտերում նա գլխի ծանր վիրավորում է ստացել, ավելի ուշ՝ երկրորդը, սակայն կրկին վերադարձել է ծառայության։ Նրա մարտական ուղին անցել է Ուկրաինայով, Ռոստովով, Կրասնոդարով, Լեհաստանով, Հունգարիայով, Չեխոսլովակիայով և ավարտվել ազատագրված Պրահայում:
Պատերազմից հետո նա վերադարձել է Թբիլիսի, ամուսնացել սպա Եզնիկ Նալբանդյանի հետ։ Որոշ ժամանակ ընտանիքն ապրել է Լեհաստանում, ապա տեղափոխվել Հայաստան։ Երևանում Ռոզալիան ավարտել է Պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը և իրեն նվիրել նոր սերունդների դաստիարակությանը՝ դառնալով ռազմաճակատային անցյալով ուսուցչի վառ օրինակ։
Ռոզալիա Աբգարյանը պարգևատրվել է Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանով, «Կովկասի պաշտպանության համար», «Պրահայի ազատագրման համար», «Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար», ինչպես նաև Մարշալ Բաղրամյանի և «Զինվորական արիության համար» մեդալներով: 1967 թվականին նրան շնորհվել է «Վաստակավոր ուսուցիչ» կոչում։
Հայրենական մեծ պատերազմի վետերանն այսօր դառնում է 103 տարեկան: