«Սարոյան եղբայրներ»-ը և Գուրգեն Բորյանի մշակութային ժառանգությունը

20 Հունիսի 2026, 21:00

Հայեր

Թատերագիր, մանկագիր, պետական գործիչ Գուրգեն Բորյանը ծնվել է 1915 թվականի հունիսի 20-ին Շուշիում՝ ուսուցչի ընտանիքում։ Գրականության հանդեպ սերը նրա մեջ արթնացել է վաղ տարիքից, և արդեն 1930 թվականից նրա գործերը սկսել են տպագրվել։ Նրա առաջին բանաստեղծությունների ժողովածուն՝ «Բանաստեղծություններ», հրատարակվել է 1937 թվականին։ 

Բորյանը մասնագիտական կրթություն է ստացել Մոսկվայի Ա․ Մ․ Գորկու անվան գրականության ինստիտուտում, որտեղ էլ ձևավորվել է որպես պրոֆեսիոնալ գրող։

1930-ականների վերջին (1938–1941 թթ.) Բորյանը գլխավորել է «Գրական թերթ» խմբագրությունը։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին նա եղել է ռազմական թղթակից։ Այդ շրջանում գրված նրա բանաստեղծությունները («Մարտիկի երդումը», «Կրակե լեզվով», «Հրացոլք») դարձել են պատերազմական ժամանակաշրջանի հերոսական պոեզիայի անբաժանելի մասը՝ տոգորված արիությամբ, տոկունությամբ և հաղթանակի հանդեպ անսասան հավատով։

Հետպատերազմյան տարիներին Բորյանն ակտիվորեն զբաղվել է դրամատուրգիայով։ Նրա «Բարձունքներում» (1947 թ.), «Նույն հարկի տակ» (1958 թ.) և «Հրաշալի գանձ» պիեսներն աչքի էին ընկնում քնարականությամբ ու հոգեբանական նուրբ վերլուծություններով։ 1969 թվականին նրա հանրահայտ պիեսի («Նույն հարկի տակ») հիման վրա նկարահանվեց «Սարոյան եղբայրներ» կինոնկարը, որի սցենարի համար Բորյանը 1971 թվականին հետմահու արժանացել է ՀԽՍՀ պետական մրցանակի։

Բորյանը ստեղծագործել է նաև երեխաների համար։ Նրա «Այո և ոչ» (1955 թ.), «Ես, դու, նա» (1966 թ.) և այլ ժողովածուները նշանակալի ներդրում են ունեցել հայկական մանկական պոեզիայի զարգացման գործում։ Նա կարողանում էր փոքրիկ ընթերցողի հետ խոսել պարզ ու անկեղծ լեզվով՝ միաժամանակ պահպանելով գեղարվեստական արտահայտչականությունը։ 

Գրողը ծավալել է նաև բեղմնավոր հասարակական-մշակութային գործունեություն։ Մասնավորապես՝ 1958-1968 թթ-ին եղել է «Լիտերատուրնայա Արմենիա»-ի  ամսագրի գլխավոր խմբագիրը։ 1968-1971 թթ-ին զբաղեցրել է ՀԽՍՀ մշակույթի նախարարի առաջին տեղակալի պաշտոնը։ Եղել է Հայաստանի գրողների միության քարտուղարը, իսկ 1936 թվականից՝ ԽՍՀՄ գրողների միության անդամ։

Իր վաստակի համար Գուրգեն Բորյանն արժանացել է պետական բազմաթիվ պարգևների, այդ թվում՝ «Կարմիր Աստղ»  (1943 թ.), «Հայրենական պատերազմի II աստիճան»-ի (1945 թ.), «Աշխատանքային Կարմիր Դրոշ»-ի (1965 թ.) և երկու «Պատվո նշան»  (1939 թ., 1956 թ.) շքանշանների։ 1962 թվականին նրան շնորհվել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի կոչում։

Գուրգեն Բորյանը կյանքից հեռացել է 1971 թվականի ապրիլի 15-ին Երևանում։ Նրա թողած հարուստ ժառանգությունը, որն իր մեջ ներառում է հերոսական պոեզիան, դրամատուրգիան ու մանկական գրականությունը, լավագույնս արտացոլում է ժամանակի շունչն ու ազգային ինքնությունը։ Նա հայ գրականության պատմության մեջ մնացել է որպես տաղանդավոր ստեղծագործող և ակտիվ հասարակական գործիչ։