Վարչապետի կողմից շտապ օգնություն կանչելու պնդումը չի հաստատվել. փաստաբանը՝ Սոնա Մնացականյանի վթարի մասին
27 Ապրիլի 2026, 14:44
Չորս տարի առաջ վարչապետի ավտոշարասյունը Պարոնյան փողոցում մահացու վրաերթի ենթարկեց հղի կնոջը՝ Սոնա Մնացականյանին,սակայն մինչ օրս որևէ մեկը չի ենթարկվել քրեական պատասխանատվության: Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի (ՔԻՀԿ) «Քաղաքացին և անարդարադատությունը Հայաստանում. Սոնա Մնացականյանի մահվան 4 տարին» թեմայով քննարկման ժամանակ ասել է փաստաբան Տաթև Սողոյանը։
Նրա խոսքով՝ վրաերթի ենթարկելուց հետո շարասյան որևէ մեքենա չի կանգնել՝ օգնություն ցուցաբերելու համար, և նույն արագությամբ շարունակել են ընթացքը։
«Սոնա Մնացականյանին օգնություն է ցուցաբերել տվյալ տարածքով պատահաբար երթևեկող շտապ օգնության մեքենան: Այն բոլոր թեզերը, թե Նիկոլ Փաշինյանը չի իմացել կամ ինքն է ասել, որ շտապօգնություն կանչեն, գործի որևէ փաստական տվյալով չի հավաստվել ։ Իսկ «Նաիրի» ԲԿ-ի անձնակազմը հայտնել է, նա արդեն մահացած է եղել», — նշել է փաստաբանը։
Սողոյանը նաև հայտնել է, թե այն քարոզչական թեզերը, ըստ որոնց, ոստիկան է ուղեկցել Սոնա Մնացականյանին և հստակ պահանջել, որ նա չմտնի խաչմերուկ, գործի որևէ տվյալով չեն հիմնավորվել։
«Այնքարոզչական թեզը, թե խաչմերուկը պատշաճ արգելափակված է եղել, որպեսզի որևէ մեկը չերթևեկի այդ խաչմերուկով, ևս սխալ է:
Ըստ տեսագրության՝ տվյալ ժամանակահատվածում, երբ պետք է անցներ վարչապետի ավտոշարասյունը, խաչմերուկում մեքենա է հայտնվում, որը հազիվ է խուսափում վթարից։ Սա վկայում է, որ պատշաճ կարգավորում և արգելափակում չի եղել։ Միևնույն ժամանակ, այն պնդումները, թե ոստիկան է ուղեկցել Սոնա Մնացականյանին և պահանջել խաչմերուկ չմտնել, գործի նյութերով չեն հիմնավորվում»,- ընդգծել է Սողոյանը:
Հիշեցնենք, որ 2022 թվականի ապրիլի 26-ին Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը Պարոնյան փողոցում մահացու վրաերթի է ենթարկել հղի Սոնա Մնացականյանին։ Առաջին ատյանի դատարանը 2025թ-ին վարորդ Արամ Նավասարդյանին դատապարտել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման։ Քանի որ դատավճիռը երկու կողմն էլ բողոքարկել է, ու այն դեռ ուժի մեջ չի մտել, վարորդը շարունակում է մնալ ազատության մեջ։
Մանրամասները՝ տեսանյութում: