Վարդան Ղուկասյանի որդուն առանց պաշտպանների կալանավորել են

26 Մայիսի 2026, 22:50

Քաղաքականություն

Առաջին ատյանի դատարանը այսօր Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին կալանավորելու որոշում է կայացրել: 

«Հայլուրի» տեղեկություններով այսօր` երեկոյան Սպարտակ Ղուկասյանին կալանավայր են տեղափոխել:

Մեր աղբյուրները ուշագրավ մանրամասներ հայտնեցին գործից:

Պարզվում է՝ Ղուկասյանի խափանման միջոցի հարցը պետք է քննվեր հաջորդ ամիս, սակայն դատախազությունը արտահերթ նիստ նշանակելու միջնորդություն է ներկայացրել: 

Սպարտակ Ղուկասյանի փաստաբան Հովհաննես Ղարաքեշիշյանը հաստատեց «Հայլուրի» տեղեկությունը:  

Ըստ Ղաքեշիշյանի՝ դատական նիստն անցկացվել է առանց Ղուկասյանի պաշտպանների մասնակցության: «Ծանուցում ենք ստացել դատական նիստի նշանակման մասին, սակայն հայտնել ենք, որ չենք կարող մասնակցել՝ ծանրաբեռնվածության պատճառով»,-ասաց Հովհաննես Ղարաքեշիշյանը:

Փաստաբանները դեռ չեն ստացել դատարանի որոշումը: Հայնտի չէ՝ ինչ ժամկետով է կալանավայրում մնալու Սպարտակ Ղուկասյանը: 
Սպարտակ Ղուկասյանին մեղադրանք էր առաջադրվել 2025-ի նոյեմբերին:  Այդ օրը ՔԿ–ն հայտնել էր, որ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը):

Ըստ փաստաբանների՝ քննչական կոմիտեն խուլիգանություն էր որակել Սպարտակ Ղուկասյանի՝ դատարանի դահլիճում արած «սրանք воздух են» հայտարարությունը: Այս նախադասությունում հայհոյանքներ էր գտել նախաքննական մարմինը։