Վլադիմիր Մսրյան. Բոլոր ժամանակների լավագույն Պագանինին

12 Մարտի 2025, 22:35

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Մարտի 12-ին խորհրդային դերասան Վլադիմիր Մսրյանի ծննդյան օրն է։

Նա ծնվել է Օրջոնիկիձե քաղաքում (այժմ՝ Վլադիկավկազ)։ 1958 — 1962 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում՝ Արմեն Գուլակյանի արվեստանոցում:

Ինստիտուտն ավարտելուց հետո աշխատել է Պատանի հանդիսատեսի թատրոնում, ապա 1964-1966 թվականներին կարիերան շարունակել է Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում: 1966 թվականից նա դարձել է Երևանի դրամատիկական թատրոնի անբաժանելի մասը, որտեղ նրա դերասանական հանճարը բացահայտվել է ամբողջ ծավալով:

Նրա լավագույն դերերից են Կլարենսը, Համլետը (Շեքսպիր«Համլետ»), Ալեքսեյը (Դոստոևսկի «Խաղամոլը»), Հերոստրատը (Գորին«Մոռանալ Հերոստրատին»), Միհրդատ Պոնտացին (Պ. Զեյթունցյան «Աստվածների կանչը»), Վոյնիցկին (Չեխով` «Քեռի Վանյա») և այլն:

1970-ականների սկզբից Վլադիմիր Մսրյանն իր հետքն է թողել նաև էկրանին՝ նկարահանվելով ավելի քան քսան ֆիլմում։ Նկարահանվել է «Վերադարձ» (Հայֆիլմ), «Պագանինի» («Բուլղարֆիլմ» և «Մոսֆիլմ»), «Պտտահողմ» («Տաջիկֆիլմ»), «Լռության սիմֆոնիա» (Հայաստանի ազգային կինոկենտրոն) և այլն ֆիլմերում:

Նրան մեծ ճանաչում է բերել «Նիկոլո Պագանինի» ֆիլմը, որը նկարահանվել է Անատոլի Վինոգրադովի գրքի հիման վրա։ Այն կենսագրական կինոժապավեն է հայտնի իտալացի ջութակահարի և կոմպոզիտորի մասին: Իտալացիները Վլադիմիր Մսրյանին անվանել են «Բոլոր ժամանակների և ազգերի լավագույն Պագանինի»:

2010 թվականի աշնանը Վլադիմիր Մսրյանը նախատեսում էր սկսել աշխատել «Անտոն Չեխով» հայ-ռուս-ֆրանսիական նախագծում գլխավոր դերի վրա, որը նա և ռեժիսոր Արմեն Ռոնովը պատրաստում էին մեկուկես տարի։ Սակայն, ցավոք, դերասանին չհաջողվեց իրականացնել այս նախագիծը։

Վլադիմիր Մսրյանը մահացել է 2010 թվականի օգոստոսի 24-ին, 73 տարեկան հասակում։ Նրան հուղարկավորել են Երևանի քաղաքային պանթեոնում։