Ընդդիմադիրների ձերբակալությունները վնասում են Հայաստանի հեղինակությանը. ԵԽԽՎ պատգամավոր
26 Հունիսի 2026, 18:37
«Ես հետևել եմ իրավիճակին թե՛ նախընտրական շրջանում, թե՛ քվեարկության օրը, և այդ ընթացքում ընտրական գործընթացի վերաբերյալ բազմաթիվ քննադատական դիտարկումներ են հնչել», — Alpha News-ին հայտնել է հույն պատգամավոր, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) և Հայաստանում ընտրությունների դիտորդական առաքելության անդամ Գեորգիոս Ստամատիսը։
«Իմ գնահատմամբ, ինչպես նաև մեր պատրաստած զեկույցի համաձայն, որտեղ արտացոլված են ընտրական գործընթացի թե՛ դրական, թե՛ բացասական կողմերը, ընդհանուր առմամբ ընտրությունների անցկացման միջավայրը բարենպաստ էր։ Մեզ համար կարևոր է, որ բոլոր թեկնածուներն ընտրական ողջ գործընթացում ունենան հավասար հնարավորություններ։ Խոսքը վերաբերում է նաև քվեարկության օրվան և այն հարցին, թե արդյոք այդ օրը խնդիրներ առաջացե՞լ են։
Մյուս կողմից, չափազանց կարևոր է ուշադրություն դարձնել քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների ձերբակալություններին։ Նման գործողությունները չեն նպաստում Հայաստանի՝ որպես Եվրոպայի խորհրդի չափանիշներին ձգտող պետության հեղինակության ամրապնդմանը։ Անշուշտ, նման գործելակերպը պետք է վերանայվի։ Եթե քաղաքական ընդդիմության ներկայացուցիչները կալանքի տակ են գտնվում, դա ժողովրդավարական սկզբունքների տեսանկյունից լուրջ հարցեր է առաջացնում։ Յուրաքանչյուր քաղաքացի պետք է հնարավորություն ունենա առաջադրելու իր թեկնածությունը և մասնակցելու երկրի քաղաքական կյանքին։ Հենց Հայաստանի ժողովուրդը պետք է որոշի, թե ով է ղեկավարելու պետությունը։
Այս հարցում կարելի է առանձնացնել երկու կողմ։ Առաջինը վերաբերում է բուն քվեարկության օրվան և ի հայտ եկած խնդիրներին, օրինակ՝ այլ բնակավայրերից մարդկանց տեղափոխելուն։ Սակայն գլխավոր քաղաքական խնդիրը վերաբերում է կալանավորվածներին։ Դա անընդունելի է», -հայտարարել է նա։
Նրա խոսքով՝ ոչ ոք իրավունք չունի ուրիշների նկատմամբ ատելության խոսք կիրառելու։
«Ժողովրդավարական հասարակությունում յուրաքանչյուր ոք պետք է իր դիրքորոշումն ու երկրի ապագայի տեսլականը հիմնավորի փաստարկներով։ Յուրաքանչյուր կուսակցություն իրավունք ունի առաջադրելու իր թեկնածուին և ներկայացնելու իր պատկերացումները Հայաստանի ապագայի վերաբերյալ։
Սակայն ատելության խոսքը, քաղաքական հետապնդումները և քաղաքական պայքարի նկատմամբ «բանտային» մոտեցումը բացարձակապես անընդունելի են։ Նման գործելակերպը հասարակությանը սխալ օրինակ է տալիս և խոչընդոտում է իրադարձությունների ճիշտ ընկալմանը։ Պետք է խոսել ժողովրդավարության ընդլայնման, ազատությունների ամրապնդման և մարդու իրավունքների պաշտպանության մասին։ Եվ, իհարկե, մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունեն այն հիմնարար սկզբունքները, որոնց հավատարիմ է Եվրոպայի խորհուրդը»,- ընդգծել է պատգամավորը։
Պատասխանելով այն հարցին, թե որպես հույն ինչպես է վերաբերվում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարություններին, որոնք որոշ շրջանակներում մեկնաբանվում են որպես Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ դնելու փորձ, Ստամատիսը նշել է.
«Հայոց ցեղասպանությունն իսկապես տեղի է ունեցել, և այդ փաստը կասկածի տակ դնելու որևէ հիմք չկա։ Հայաստանում գործում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, կան բազմաթիվ պատմական վկայություններ, և աշխարհի բազմաթիվ երկրներ պաշտոնապես ճանաչել են այն։ Կարծում եմ՝ այստեղ որևէ հարց լինել չի կարող։ Ես անձամբ այցելել եմ հուշահամալիր և թանգարան։ Այդ պատճառով նման հայտարարություններն ինձ համար անակնկալ են։ Զարմանալի է լսել, որ որևէ մեկը փորձում է կասկածի կամ հարցականի տակ դնել Հայոց ցեղասպանությունը։
Ցավոք, այդ ողբերգությունն իսկապես տեղի է ունեցել։ Գոյություն ունեն պատմական աղբյուրներ և փաստաթղթեր, որոնք հաստատում են այդ իրողությունը։ Մինչ օրս ապրում են մարդիկ, որոնք վերապրել են այն, և նրանց վկայությունները կատարվածի կարևոր ապացույց են։ Այդ իսկ պատճառով նման փաստերը կասկածի տակ դնելու փորձերը տարակուսանք են առաջացնում։ Երբ առկա են փաստաթղթեր, պատմական վկայություններ և ականատեսների հիշողություններ, դժվար է հասկանալ, թե ինչու են այս հարցի շուրջ կրկին կասկածներ առաջանում»։