Ադրբեջանը ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել ոչ թե Փաշինյանի, այլ Հայաստանի հետ. Էլչին Ամիրբեկով
21 Հոկտեմբերի 2024, 12:33
Ադրբեջանն անիրատեսական և անընդունելի է համարում խաղաղության պայմանագիր կնքելու Հայաստանի առաջարկը, որում դեռևս համաձայնեցված չեն մի քանի կարևոր հոդվածներ։ Այս մասին նախօրեին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։
«Նույնիսկ վաղն անավարտ, կիսատ համաձայնագրի ստորագրման առաջարկը ոչ միայն անիրատեսական է և անընդունելի, այլև ապակողմնորոշող։ Կողմերը դեռ պետք է համաձայնեցնեն պայմանագրի նախագծի մի քանի կարևոր դրույթ, որոնք բաց են, առանց որոնց փաստաթուղթը կլինի կոպիտ և թերի»,- ասել է նա։
Ամիրբեկովն ասել է, թե խաղաղության հասնելու միակ խոչընդոտը իբր «Հայաստանի տարածքային պահանջներն են Ադրբեջանի նկատմամբ:
«Եթե Սահմանադրությունը թողնենք ներկայիս տեսքով, ապա խաղաղության պայմանագիրը կարճատև կլինի, քանի որ Հայաստանի ցանկացած նոր ղեկավարություն, որը դեմ է Ադրբեջանի հետ խաղաղությանը, պարզապես կչեղարկի այն՝ պատճառաբանելով համաձայնագրի անհամապատասխանությունն ամենաբարձր իրավական ուժ ունեցող Սահմանադրությանը։ Այսինքն՝ Ադրբեջանը ցանկանում է խաղաղություն կնքել ոչ թե վարչապետ Փաշինյանի, այլ Հայաստանի հետ»,- ասել է ադրբեջանցի պաշտոնյան:
Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցքին», ապա Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչը հավելել է, որ պաշտոնական Բաքուն դեռ մեծ նշանակություն է տալիս դրա բացմանը։
«Սակայն, համաձայնվելով այն դուրս բերել խաղաղության համաձայնագրի շրջանակներից, Ադրբեջանը չի ցանկանում խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունները տապալելու համար քննադատության արժանանալ»,- ընդգծել է Ամիրբեկովը։