Ադրբեջանը Արցախում էթնիկ զտումների ագրեսիվ քարոզչություն է իրականացնում. ԱԳՆ խոսնակ

04 Հուլիսի 2023, 11:15

Քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը թվիթերյան գրառմամբ անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների ագրեսիվ քարոզչություն իրականացնելուն:

«Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության մասին խոսելու փոխարեն Ադրբեջանը շարունակում է էթնիկ զտումների իր ագրեսիվ քարոզչությունը. 2 տեսանյութ ԼՂ-ի դեմ «Վրեժ 3» նոր գործողության մասին պետական ​​հեռուստատեսությամբ, առցանց հարցում, որտեղ 83%-ը «այո» են ասել: Սա թշնամանքի բացահայտ դրսեւորում է, որը պարտադիր միջազգային դատապարտման և կանխարգելման կարիք ունի, — գրել է ԱԳՆ մամուլի քարտուղարը։

Հիշեցնենք, որ իրավիճակն Արցախում վերաճում է հումանիտար աղետի։ 120 000 արցախահայության շրջափակումը շարունակվում է։ Արցախը մայր Հայաստանին կապող ճանապարհը փակ է 2022թ-ի դեկտեմբերի 12-ից։