Ակադեմիկոս Արամայիս Քամալովը հանդես է եկել ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի և եկեղեցու
20 Հունիսի 2025, 21:30
«Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամի նախագահ, ՌԴ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Արամայիս Քամալովն ուղերձ է հրապարակել, որում դատապարտել է գործարար Սամվել Կարապետյանի շուրջ տեղի ունեցող գործընթացները, ինչպես նաև իր աջակցությունն է հայտնել նրան և Հայ Առաքելական եկեղեցուն։
«Խորապես ցավում եմ այն գործընթացների համար, որոնք տեղի են ունենում Հայաստանում խոշոր գործարար, հայ ժողովրդի արժանավոր զավակ և մեծ բարերար Սամվել Կարապետյանի շուրջ։ Տասնամյակներ շարունակ նրա գործունեությունն ուղղված է եղել բարեգործական ծրագրերի իրականացմանը, այդ թվում՝ Հայաստանի և Արցախի համար դժվարին ժամանակներում, ինչպես նաև Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր բարգավաճմանը։ Որպես հայ քրիստոնեական հավատքի արժանի հետևորդ՝ նա կանգնել է մեր գլխավոր սրբավայրի՝ Սուրբ Էջմիածնի պաշտպանության՝ Հայաստանի իշխանությունների կողմից աննախադեպ ճնշումների ֆոնին։
Հպարտ եմ, որ պատիվ եմ ունեցել երկար տարիներ ընկերություն անել այդ ազնիվ մարդու հետ և իմ անվերապահ աջակցությունն եմ հայտնում Հայ Առաքելական եկեղեցու պաշտպանությանն ուղղված նրա գործունեությանը։ Համազգային հոգևոր արժեքների պաշտպանները չեն կարող քրեական հետապնդման ենթարկվել»,- գրել է ակադեմիկոսը։