Երեկոյան ժամը 6–ին կհավաքվենք. ծաղկավաճառը՝ ճանապարհ փակելու մասին
15 Հուլիսի 2025, 15:45
Վերջին օրերին Էջմիածին քաղաքի Զվարթնոց գյուղի ծաղկեգործները մի շարք բողոքի ակցիաներ են իրականացրել։ Նրանք բողոքում են, որ չեն կարողանում իրենց ծաղիկներն արտահանել Ռուսաստան։ ՌԴ-ի «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայությունը հայտնել էր, որ մտադիր է 2025-ի հունիսի 16-ից ժամանակավոր արգելք սահմանել Հայաստանից Ռուսաստան ծաղիկների ներմուծման վրա։
Ծառայությունից հայտնել են, որ այս որոշումը պայմանավորված է Հայաստանից մատակարարվող ծաղիկների մեջ բարձր բուսասանիտարական ռիսկ ունեցող կարանտինային վնասատուների բազմակի հայտնաբերմամբ։
«Գյուղացիներն իրենց տան բակերում սարքել են ջերմոցներ, իրենց հարցը ո՞նց է լինելու։ ՍԱՏՄ–ում հստակ պատասխան չստացանք», — այս մասին ՍԱՏՄ ղեկավարի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ծաղկեգործ Արտակ Թովմասյանը։
«Սահմանված ստանդարտներին համապատասխանելու համար պետք է հովացում լինի, ես չունեմ, պետք է վկայական, որ անձը ունի այսինչ քառակուսի մետրի վրա այսքան ջերմոց, ես չունեմ:
Այսօր ժամը 6-ին հավաքվում ենք Զվարթնոցում: Ես լիդեր չեմ։ Շատերը խուսափում են տեսախցիկների առաջ խոսելուց, հիմա թիրախավորված անձը ես եմ։ Այսինքն, եթե մեկը ինչ-որ մի տեղ ավտոյով ճանապարհ փակեմ, ես համոզված եմ՝ գալու են ինձ տանեն»,- նշել է նա։