«Ալիևի սահմանադրության» քարոզարշավը սկսվել է
04 Նոյեմբերի 2026, 19:00
(Ընդդիմությունը շանս է ստացել)
«Հայաստանում փաստացի մեկնարկել է նոր՝ «ալիևյան» Սահմանադրության ընդունման շուրջ քարոզարշավի ակտիվ փուլը, ընդ որում՝ իշխանական թիմը ձգտում է առավելագույնս արագացնել այս գործընթացը և օր առաջ փակել տվյալ հարցը: Այս մասին են վկայում խորհրդարանի խոսնակ Ռուբեն Ռուբինյանի վերջին հայտարարությունները, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի ագրեսիվ հարձակումը, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի սպառնալիքներն ընդդիմության հասցեին:
Կառավարության ղեկավարը բացահայտ հայտարարում է, որ եթե խորհրդարանական ընդդիմությունը խոչընդոտի «ալիևյան» Սահմանադրության ընդունմանը, դա կորակվի որպես քայլ ընդդեմ խաղաղության, իսկ իշխող մեծամասնությունը պատրաստ է գլխավորել նրա դեմ ուղղված հանրային ճնշումը: Նման հռետորաբանությունը ցույց է տալիս, որ իշխանությունն անցնում է քաղաքական ուժային հարկադրանքի մեթոդներին՝ փորձելով կոտրել քննադատների դիմադրությունը և հասարակությանը պարտադրել արտաքին դերակատարների համար հարմար օրակարգ:
Այս քարոզարշավի «առաջին տեսահոլովակը» դարձավ Ռուբեն Ռուբինյանի քարոզչական տեսանյութը, որում նա պնդում է, թե Սահմանադրության նոր նախագծում հայերենը որպես միակ պետական լեզու ամրագրող հոդվածը դառնալու է անփոփոխելի՝ ազգային ինքնությունը պաշտպանելու համար: Սակայն այս գեղեցիկ փաթեթավորման հետևում թաքնված է ակնհայտ փաստը. սահմանադրական փոփոխությունների հիմնական պատվիրատուն և իրական շահառուն Բաքուն է և անձամբ Իլհամ Ալիևը:
Փոփոխությունները զուտ ներքին գործ ներկայացնելու փորձերը ծաղր են թվում այն ֆոնին, որ իշխանությունը միաժամանակ մտադիր է փոխել նախաբանը և հանել հղումները Անկախության հռչակագրին՝ ադրբեջանական ղեկավարության պահանջներին ընդառաջ: Եթե Բաքուն ստանում է հայկական Մայր օրենքի ձևավորման վրա ազդեցության լծակներ, ապա հետագայում ոչինչ նրան չի խանգարի թելադրել իր պայմանները և միջամտել պետության ներքին գործերին՝ ազգային ինքնիշխանությունը վերածելով ֆիկցիայի:
Այս ֆոնին արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի դիրքորոշումը, ով զայրույթով մերժում է նախագծի հասցեին հնչող ցանկացած քննադատություն և ընդդիմությանը սպառնում հանրաքվեի անխուսափելիությամբ, ցույց է տալիս գործադիր իշխանության ջղաձգվածությունն ու շտապողականությունը: Իշխանությունը փորձում է համոզել հասարակությանը փաստաթղթի հավասարակշռված լինելու մեջ՝ նախապես ընդդիմությանը մեղադրելով ոչ կառուցողական լինելու մեջ:
Փաշինյանն իր քաղաքական առաքելության ավարտը ուղղակիորեն կապում է նոր Սահմանադրության ընդունման և խաղաղության պայմանագրի ստորագրման հետ՝ հայտարարելով, որ այս քայլերից հրաժարվելը հավասարազոր է պատերազմի: Սակայն մշտական միակողմանի զիջումների տրամաբանությունը տանում է ոչ թե դեպի կայուն խաղաղություն, այլ էսկալացիայի և ադրբեջանական նոր տարածքային ախորժակի, քանի որ թուլությունը միայն դրդում է ագրեսորին հետագա ճնշումների:
Ստեղծված ճգնաժամային իրավիճակում հայկական ընդդիմությունը ստանում է բացառիկ պատմական հնարավորություն՝ հետ բերելու անցյալ տարիների քաղաքական ծանր կորուստները: Եթե ընդդիմադիր ուժերին հաջողվի տոկունություն ցուցաբերել, դիմակայել փողոցային սպառնալիքներին, շանտաժին և վարչաքրեական ճնշումներին, ինչպես նաև թույլ չտա հանրաքվեի նշանակումը, դա կդառնա լիովին լեգիտիմ առիթ՝ պահանջելու ղեկավարության հրաժարականը և արտահերթ ընտրությունների անցկացումը:
Փաշինյանի տրամաբանությունն աշխատելու է իր դեմ. քանի որ նրա առաքելությունը չի կարող ավարտվել առանց նոր Սահմանադրության, ապա այդ գործընթացի ձախողումը նշանակում է նրա թիմի անխուսափելի հեռացումը պետության կառավարումից: Հայաստանի ղեկավարության մեջ քաղաքական փոփոխությունները երկրի համար հնարավորություն են բացում Բաքվի հետ բանակցային գործընթացի իրական ռեստարտի համար, բայց արդեն հուսալի միջազգային միջնորդների ներգրավմամբ և ուժերի լիարժեք տարածաշրջանային հավասարակշռության վերականգնման հիման վրա:
Մտածե՛ք այս մասին…»։