Սա հարաբերությունների զգուշավոր պարզաբանում է. Բեզպալկոն՝ Օվերչուկի Երևան այցի մասին
21 Օգոստոսի 2025, 23:20
Ռուս քաղաքագետ Բոգդան Բեզպալկոն Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հանդիպմանը։
Փորձագետի կարծիքով՝ կարելի է ենթադրել, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև դիրքորոշումների որոշակի համաձայնեցում է ընթանում:
«Ռուսաստանն՝ ի դեմս Օվերչուկի, ուզում է ճշտել, թե ինչ է անելու Հայաստանը մոտ ժամանակներս, այսինքն՝ ինչ ծրագրեր ունի ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին անդամակցելու հարցում, ինչպես է կառուցելու հարաբերությունները Ռուսաստանի հետ ռազմաբազաների տեղակայման հարցում։ Այս բոլոր հարցերը փոխկապակցված են։ Եվ բնական է, որ «Զանգեզուրի միջանցք»-ի պայմանագրի կնքման շրջանակներում Ադրբեջանին և ԱՄՆ-ին ընդառաջ շարժվելը Ռուսաստանին հետաքրքրում է և որոշակիորեն անհանգստացնում:
Դրա համար հիմա, ես այդպես եմ կարծում, այս պաշտոնական այցը հենց փորձ է հասկանալու, թե, ըստ էության, ինչ է անելու հայկական կողմը հետագայում, ինչ կարող է պահանջել՝ տնտեսական բոնուսներ, ինչ-որ արտոնություններ, կամ հակառակը՝ ինչով Ռուսաստանը կարող է սպառնալ նրան, եթե Հայաստանը հակառուսական ինչ-որ կտրուկ քայլեր թույլ տա։ Ես կարծում եմ, որ այդ զրույցը հարաբերությունների զգուշավոր պարզաբանում է, որը սկսվել է Օվերչուկի Հայաստան կատարած այցից», — ասել է Բեզպալկոն։