Փաշինյանը փոխում է իր դիրքորոշումը «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ. Բոգդան Բեզպալկո

01 Հոկտեմբերի 2025, 23:00

Կարծիք | Քաղաքականություն

Ռուս քաղաքագետ Բոգդան Բեզպալկոն Alpha News-ին տված հարցազրույցում խոսել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև առկա հակասությունների և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուրջ ստեղծված իրավիճակի մասին։

«Այն պատկերացումը, որը ստեղծեց Թրամփն՝ իրեն ներկայացնելով որպես մեծ խաղաղարար, իրականում պատրանք է: Հակասությունները չեն վերացել, և, համապատասխանաբար, Հայաստանի և Ադրբեջանի միջև թշնամությունը պահպանվում է։ Այն ցանկացած պահի կարող է անցնել նոր փուլի, ընդհուպ մինչև զինված հակամարտություն։ Այդ պատճառով ես կարծում եմ, որ Փաշինյանը պահպանել է Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում՝ չնայած միջազգային ճնշմանը, և ակնհայտորեն, հիմա սկսում է փոխել իր դիրքորոշումը միջանցքի վերաբերյալ»,- ասել է Բեզպալկոն:

Նրա խոսքով՝ Փաշինյանի դիրքորոշումը միջանցքի վերաբերյալ հարցեր է առաջացնում։

«Բավականին տարօրինակ է լսել մի քաղաքական գործչից, ով երկար տարիներ քննարկել է «Զանգեզուրի միջանցքի» խնդիրը, որ այդ խնդիրը գոյություն չունի, և ընդհանրապես «Զանգեզուրի միջանցք» գոյություն չունի։ Ադրբեջանը շատ վաղուց էր պահանջում Նախիջևանից Ադրբեջան տանող արտատարածքային միջանցք, որպեսզի կապ ստեղծի Ադրբեջանի և Նախիջևանի, և, ամենայն հավանականությամբ, նաև Թուրքիայի միջև։ Հայաստանի ռազմավարական թուլությունը թույլ տվեց, որ այս նախագիծը գրեթե իրականանա, բայց հիմա, ըստ երևույթին, ամենավերջին պահին՝ ԱՄՆ-ում պայմանավորվածության կնքումից հետո, Փաշինյանը սկսում է կասկածի տակ դնել Թրամփի միջնորդությամբ ձեռք բերված համաձայնագիրը»,- հավելել է փորձագետը։

Բեզպալկոն նաև նշել է, որ իրավիճակի հետագա զարգացումը մնում է անորոշ։

«Թե դա ինչի կհանգեցնի, կտեսնենք մոտ ապագայում: Հնարավոր է՝ լինի նաև վերանայում։ Փաշինյանի դիրքորոշումը միջանցքի վերաբերյալ փոխվում է. նա ասում է, որ այդ խնդիրը չկա, և որ միջանցքը որպես այդպիսին նույնպես գոյություն չունի»,- եզրափակել է Բեզպալկոն։

Հիմա եթերում