Հայաստանի հասարակությունը պետք է բողոքի քահանաների ձերբակալությունների դեմ. Բոգդան Բեզպալկո

15 Հոկտեմբերի 2025, 21:58

Քաղաքականություն

Ռուս քաղաքագետ Բոգդան Բեզպալկոն Alpha News-ին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանում քահանաների ձերբակալություններին։

«Ակնհայտ է, որ Փաշինյանի և Հայ Առաքելական եկեղեցու ղեկավարության միջև առճակատումը շարունակվում է, և նա ձեռնարկում է ոչ այնքան բռնաճնշող, որքան կանխարգելիչ բնույթի միջոցներ՝ հետագայում որևէ առճակատումից խուսափելու համար։ Բայց սրանում նոր բան չկա։ Խնդիրն այն է, որ դրան պետք է արձագանքի առաջին հերթին հենց Հայաստանի հասարակությունը։ Հայ Առաքելական եկեղեցին գրեթե էթնիկ եկեղեցի է, դա հայերի Եկեղեցին է, և եթե մարդիկ չեն արձագանքում, ապա Փաշինյանը միանգամայն կարող է համարել, որ ՀԱԵ-ն ժողովրդի աջակցությունը չի վայելում, և, համապատասխանաբար, նա կարող է այս առճակատման մեջ շարունակել կիրառել ամենատարբեր գործիքներ, այդ թվում՝ ռեպրեսիվ»,- նշել է քաղաքագետը։

Փորձագետի կարծիքով՝ Հայաստանի հասարակությունը պետք է բողոքի Փաշինյանի և եկեղեցու այս առճակատման դեմ, այլապես նա կշարունակի ավելացնել իր բռնաճնշող գործողությունները։

«Ժողովուրդը պետք է բողոք, վրդովմունք արտահայտի՝ սկսած սոցցանցերից մինչև ինչ-որ պիկետներ կամ ցույցեր։ Իհարկե, վստահություն չկա, որ Փաշինյանը կփոխի իր քաղաքականությունը կամ կչեղարկի, բայց եթե հասարակությունը ոչ մի կերպ չարձագանքի, ապա կարելի է վստահ լինել, որ դիմադրության չհանդիպելով՝ նա կշարունակի ավելացնել ճնշումը»,- ասել է Բեզպալկոն։