Ռուսաստանի և Եվրոպայի իրական բախման հավանականությունն օրեցօր ավելանում է. Եկատերինա Էնտինա

03 Նոյեմբերի 2025, 23:30

Քաղաքականություն

ՌԴ «Էկոնոմիկայի բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի Միջերկրական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Եկատերինա Էնտինան Ստամբուլում տեղի ունեցած 18-րդ Վերոնայի Եվրասիական տնտեսական ֆորումի շրջանակներում Alpha News-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Ռուսաստանի և Եվրոպայի միջև ուղիղ ռազմական բախման հավանականությունը:

«Այսօրվա դրությամբ, օր օրի, իրական բախման հավանականությունը մեծանում է օբյեկտիվ հանգամանքների բերումով։ Այդ օբյեկտիվ հանգամանքները կապված չեն իրական պատերազմի նկատմամբ մեր պատրաստվածության կամ Եվրոպայի չպատրաստվածության գնահատականների հետ։ Իհարկե, այսօրվա դրությամբ ռուսական բանակը մեկն է այն քչերից, եթե ոչ միակը, որն անցել և անցնում է իրական լայնածավալ ժամանակակից ռազմական գործողությունների փորձաշրջանը։ Այդ իմաստով մենք ավելի պատրաստված ենք։ Սակայն պետք է սթափ գնահատել նաև այն, ինչ տեղի է ունենում, այսպես ասած, «մյուս ափին»։

Եվրոպական միությունը 2009 թվականի Լիսաբոնի պայմանագրով դարձավ ոչ միայն ինտեգրացիոն միավորում, այլ նաև ռազմաքաղաքական դաշինք։ Փաստացի տասնամյակների ընթացքում նրանց չէր հաջողվում որևէ կերպ խթանել ինտեգրումը և համագործակցությունը ռազմաքաղաքական ոլորտում։ Առաջին քայլը, որը թույլ տվեց նրանց անցնել կոնկրետ գործողությունների, եղավ 2014 թվականին Ղրիմի՝ Ռուսաստանի կազմ վերադարձը։ Սա թույլ տվեց մերձենալ այս ուղղությամբ դիսկուրսի, ներքին խոսակցությունների և բանակցային դիրքերի մակարդակով։

Եվ, ինչպես հիշում ենք, 2017 թվականին գործարկվեց PESCO (Անվտանգության և պաշտպանության հարցերով մշտական կառուցվածքային համագործակցություն) ծրագիրը, որը ենթադրում է համակարգային և օպերատիվ համագործակցություն, գիտատեխնիկական զարգացման ծրագրերի համատեղ յուրացում և ռազմական գիտահետազոտական և փորձնական-կոնստրուկտորական աշխատանքներ։ Սակայն այն նույնպես մնում էր բավականին «մեռած» մինչև 2022 թվականի իրադարձությունները։

Հատուկ ռազմական գործողության սկսվելուց հետո եվրոպական քաղաքական վերնախավերին հաջողվեց, թեև ոչ անմիջապես, դրա վրա փաստացի ծախսվեց մեկուկեսից երկու տարի, համոզել բիզնես շրջանակներին և մասնակիորեն ձևավորել հասարակական տրամադրություններ, որոնք թույլ տվեցին իրականում գործարկել Եվրոպական միության ռազմական մեքենան։ Խոսել նրա պատրաստակամության աստիճանի, այն մասին, որ Եվրոպան իսկապես պատրաստ կլինի մինչև 2028 թվականը պատերազմել, դեռ վաղաժամ է։ Բայց մենք, որպես ռացիոնալ մարդիկ, հիանալի հասկանում ենք, որ ռազմական մեքենան գործարկման պահին պահանջում է, նախ, զգալի միջոցներ, և երկրորդ, երկարաժամկետ ներդրումներ»,- ասել է Էնտինան։

Փորձագետի խոսքով՝ որքան երկար են շարունակվում ռազմական գործողությունները Ուկրաինայում, այնքան ավելի է արագանում Եվրոպական միության ռազմական մեքենայի զարգացումը։

«Թե դա ինչի կհանգեցնի, դեռ վաղ է կոնկրետ գնահատականներ տալ այդ թեմայով։ Բայց, սկզբունքորեն, ամեն ինչ գնում է նրան, ինչին վաղուց ձգտում էին գերմանացիները՝ գլխավորել Եվրամիության ռազմավարական և ռազմաքաղաքական, պաշտպանական մեքենան ՝ դրանով իսկ ավարտին հասցնելով ԵՄ-ում իրենց առաջնորդության ևս մեկ թևը։ Եվ այդ իմաստով Գերմանիան պատրաստ է գնալ փաստացի ցանկացած ներդրումների և քայլերի», — նշել է Էնտինան։

Փորձագետի կարծիքով՝ Ռուսաստանի հետ բախման վերաբերյալ եվրոպացիների հայտարարությունների տրամաբանությունը հետապնդում է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության շահեր։

«Սա ինտեգրման խորացման մասշտաբային քայլ է՝ փաստացի գերտերության ստեղծում, որին Եվրոպական միությունը, համենայնդեպս Բեռլինի աչքերով, ձգտում է արդեն վաղուց։ Բացի այդ, կա նաև արտաքին շերտ՝ դա եվրատլանտյան հարաբերությունների համատեքստն է, որտեղ Եվրոպական միությունը որպես ինտեգրացիոն միավորում կցանկանար դադարել լինել Վաշինգտոնի «կրտսեր եղբայրը», մինչդեռ շատ չփոխելով դիրքորոշումը Հյուսիսատլանտյան դաշինքի պահպանման ծախսերում, որն, այնուամենայնիվ, մնում է հիմնական գործիք հենց Վաշինգտոնի, այլ ոչ թե Եվրոպայի ձեռքում»,- եզրափակել է Էնտինան։

Հիմա եթերում