Գերագույն հոգևոր խորհուրդն անդրադարձել է ապօրինի ազատազրկված եկեղեցականների նկատմամբ գործընթացներին
04 Նոյեմբերի 2025, 18:46
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
«Նոյեմբերի 4-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը:
Ժողովը բացվեց Տերունական աղոթքով, որից հետո Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական և աշխարհական անդամներին իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ իր գնահատանքը հայտնելով ԳՀԽ անդամներին Սուրբ Եկեղեցուն բերվող օգտակար ծառայության համար և արդյունավոր ընթացք մաղթելով ժողովի աշխատանքներին։
Ժողովի օրակարգում ընդգրկված են հայրենական կյանքի մարտահրավերներին, հակաեկեղեցական արշավին, ապօրինաբար ազատազրկված եկեղեցականների և հայորդիների նկատմամբ ընթացող իրավական գործընթացներին ու նրանց իրավունքների պաշտպանությանը, Ադրբեջանում ապօրինաբար պահվող գերիների, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության և ազգային ինքնության պահպանման, Եկեղեցու վարչական, կարգապահական խնդիրներին, ինչպես նաև Նվիրապետական Աթոռների ու թեմերի գործունեությանն առնչվող հարցեր»,-ասված է հաղորդագրության մեջ։