Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը շարունակում է կրճատվել
14 Նոյեմբերի 2025, 18:00
Հայաստանն արտաքին աշխարհի հետ սկսել է ավելի քիչ առևտուր անել: Արտաքին առևտրաշրջանառության անկումային զարգացումները շարունակվում են նաև հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի համար:
Մասնավորապես, ընդհանուր առևտրաշրջանառությունը նշված ժամանակահատվածում նվազել է 39,3 %-ով, այդ թվում՝ արտահանումը՝ 46,8 %-ով, ներմուծումը՝ 33,4 %-ով: Արտաքին առևտրի անկման պատճառները հասկանալու համար, առանձնացնենք այն երկրները, որոնց հետ փոխադարձ շրջանառության կտրուկ անկումն առաջացրել է նման պատկեր: Եվ իհարկե, դրանց թվում են ՌԴ-ն և ԱՄԷ-ն: Հասկանալի է, որ խոսքը ՀՀ տարածքով վերաարտահանվող ոսկու հոսքերի կրճատմանն է վերաբերում, բայց խնդիրը միայն դրանում չէ:
Դիտարկելով ՀՀ արտաքին առևտրաշրջանառության կառուցվածքը՝ նշենք, որ Հայաստան ապրանքների զգալի մասը՝ 33,6%-ը, ներմուծվում է ՌԴ-ից: Սա խոսում է ՌԴ շուկայի՝ մեզ համար առաջատար լինելու մասին:
Նույն պատկերն ունենք նաև արտահանման պարագայում: Օրինակ, եթե այլ երկրներ մեր արտահանումը կազմում է ընդհանուրի 50.5 %-ը, իսկ այլ երկրների ցանկը բավական երկար է, ապա միայն դեպի ՌԴ արտահանումն ընդհանուրի 37,2 %-ն է կազմում:
Սա նույնպես ընդգծում է՝ որպես արտահանման շուկա ևս ՌԴ-ն մեզ համար առաջատար է: Հետևաբար, առաջին առևտրային գործընկերոջ հետ արտաքին առևտրաշրջանառության անկումը, զգալի ազդեցություն է թողնում ողջ առևտրաշրջանառության վրա: Եվ խնդիրը միայն վիճակագրական պատկերի փոփոխությունը չէ. իրականության մեջ, հողի վրա, հայկական արտադրանքը հարված է ստանում իր իրացման արտաքին հիմնական շուկա ավելի քիչ արտահանվելու արդյունքում:
Լրիվ այլ ուսումնասիրության առարկա է, որ արտահանողը պետք է ունենա հնարավորությունների դիվերսիֆիկացիա, բայց ներկայիս փաստը դրանից չի փոխվում:
Հետևաբար, այսօր այլ շուկաներից ապրանքներ գնելու մեր իրավունքի ու հնարավորությունների թեզերի համատեքստում վերահաստատենք ու ֆիքսենք՝ այո՛, Հայաստանը պետք է դիվերսիֆիկացնի ներմուծման շուկան․ հատկապես ռազմավարական նշանակության ապրանքների պարագայում դա կարևոր է: Բայց, այս կամ այն ապրանքի վաճառող գտնելը միշտ շատ ավելի հեշտ է, քան սեփական արտադրանքի գնորդ գտնելը: Երկկողմ հարաբերությունների համատեքստում, այս հանգամանքը հաշվի առնել է պետք: