53 քննիչից բաղկացած խումբը հուլիսից պայքարում է, որ Կարապետյանը մնա կալանքի տակ․ Արամ Վարդևանյան
15 Նոյեմբերի 2025, 12:30
Քննչական կոմիտեն շուրջ 5 ամիս ապօրինի կալանքի տակ գտնվող, ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանի կալանքը ևս 2 ամսով երկարաձգելու միջնորդություն է ներկայացրել։ Այս մասին հայտարարել է Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։
«Քննչական կոմիտեի համապատասխան քննիչների խումբը բաղկացած է 53 քննիչներից։ Այդ խումբը փաստացի գործում է 2025 թվականի հուլիս ամսից։ Եվ 53 քննիչներից բաղկացած քննչական խումբը դեռևս դատարանից խնդրում է, որ կարողանան կատարել նախաքննություն, իսկ Սամվել Կարապետյանը լինի կալանավորված։ Այս երևույթն աբսուրդ է։ Միայն սա բավարար է արձանագրելու, որ մենք իրավաբանությունից դուրս ենք գործում։ Բայց առաջնային շեշտադրումը ցանկանում ենք կատարել այն իրադարձության վրա, որը վերաբերում է ՀՀ-ի Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատին»,- նշել է Վարդևանյանը։
Նրա փոխանցմամբ՝ նոյեմբերի 13-ին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժել է Դատախազության կողմից ներկայացված բողոքը։
«Այդ բողոքի մերժումը իրենից ենթադրում է մի իրավիճակ, որ փաստացի պահպանվում է միայն աբսուրդային կոչի դրվագը, այսինքն` «մեր ձևով կմասնակցենք Մայր Աթոռի պաշտպանությանը» նախադասությունը, իսկ տնտեսական բնույթի մեղադրանքներն այդպես էլ հիմնավոր կասկածի շեմը չէին հաղթահարել։ Սա ինչ է նշանակում, որ Սամվել Կարապետյանը պետք է լիներ ազատության մեջ, և նոյեմբերի 18-ին կալանքի ժամկետը լրանում էր»,- ընդգծել է փաստաբանը։