Հայաստանի համար պարտքի տոկոսները բարձրացել են
20 Նոյեմբերի 2025, 18:40
Հայաստանի աճող պետական պարտքի թեման, հատկապես վերջին տարիներին, համընդհանուր ուշադրության կենտրոնում է: Մի կողմից կա բացարձակ թվի բավական արագ աճ, մյուս կողմից՝ պետության կողմից ներգրավվող միջոցների օգտագործման արդյունավետության հիմնահարց:
Ինչպիսի՞ն է պետական պարտքի վիճակարգությունը, ինչպիսի՞ն՝ խնդրի բովանդակային մասը:
Եվ այսպես, այս տարվա հոկտեմբերի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքը շուրջ 14.2 մլրդ դոլար է կազմել, որից Կառավարությանը բաժին է ընկնում պարտքի մեծ մասը՝ գրեթե 13.7 մլրդ դոլարը: Մոտ 510 մլն դոլարը Կենտրոնական բանկի պարտքն է:
Թեև պետական պարտքը սեպտեմբերի վերջի համեմատ շատ աննշան նվազել է՝ սեպտեմբերին այն կազմել է 14 մլրդ 195 մլն դոլալ, սակայն հասկանալի է՝ գործ ունենք շատ փոքր կրճատման հետ և ընդհանուր առմամբ պետական պարտքը դեռ դեռ կշարունակի աճել: Համեմատության համար նշենք, որ ՀՀ պետական պարտքը 2024թ-ի հոկտեմբերի վերջի դրութամբ կազմել է 12,6 մլրդ դոլար, իսկ օրինակ 2017թ-ի ամփոփ տվյալներով՝ 6.7 մլրդ դոլար:
Խնդիրն, իհարկե, միայն պարտքի բացարձակ թվի փոփոխությունը չէ: Կա պարտքի կառավարման ու կառավարելիության խնդիր՝ նույն պարտք/ՀՆԱ հարաբերակցությունն է: Այս մասով այսօր ունենք բարվոք վիճակ, պետական պարտքը ՀՆԱ-ի մասնաբաժնի այսպես ասած կառավարելիի շեմում է, սակայն դրամի արժևորումն իհարկե դեր խաղում է այդ վիճակագրության բարվոք լինելու մեջ: Կառավարման հիմնահարցը կայանում է նրանում՝ որքանով են արդյունավետ կիրառվում պետական պարտքի միջոցները երկարաժամկետ կայուն տնտեսական աճի ապահովման համար: Վերցվող պետական պարտքի զգալի հատվածը բյուջեի դեֆիցիտի և նախկին պարտքերը մարելու նպատակով են:
Մինչդեռ, կա մի ցուցանիշ, որը կարող է լինել հավաքական գնահատակը՝ մենք ունե՞նք պետական պարտքի հետ կապված վերոնշյալ մտահոգությունները, թե՝ ոչ:
Հայաստանն այս տարիների ընթացքում սկսել է ավելի թանկ միջոցներ ներգրավվել կամ որ նույնն է՝ Հայաստանի համար պարտքի տոկոսները բարձրացել են:
Եթե 2017թ-ին պետական պարտքի միջին կշռված տոկոսադրույքը 4.9 տոկոս էր, ապա այս տարվա հոկտեմբերի դրությամբ ցուցանիշը 7.3 տոկոս է: Հայաստանի համար պարտքով գումարը թանկացել է 2.4 տոկոսով:
Պատճառներից մեկը եվրապարտատոմսերի թողարկումներն էին՝ բարձր տոկոսներով գումարների ներգրավումը՝ նախկին պարտքերը մարելու համար: Խնդի՞ր է սա արդյոք, և վերաբերու՞մ է պարտքի կառավարելիության հիմնահարցին, իհարկե՝ այո: Մեկ այլ պատճառ է՝ ներքին պարտքի մասնաբաժնի ավելացումը, որն ունի դրական կողմեր, սակայն խոսքն այս դեպքում իրականության մեջ ավելի թանկ գումարներին է վերաբերում:
Միջին կշռված տոկոսադրույքի աճը պայմանավորված է նաև այլ հանգամանքներով՝ ներգրավվող գումարների կարճ ժամկետայնությամբ, պարտքային բեռի աճով, նրանով, որ դրանք նախորդ պարտքերը մարելուն են ուղղվում, և եթե ամփոփ բանաձևենեք, ապա նեդրողների կողմից ընկալվող ռիսկի բարձր մակարդակով: Հայաստանն ավելի ռիսկային է ընկալվում:
Այս ամենն ամփոփ գնահատականն է՝որքանով են ռիսկային Հայաստանի պետական պարտքի ներկայիս ծավալներն ու շարունակական աճը: Իսկ ահա տարբեր առիթներով պարտքի ավելացման տարբեր հիմնավորումները, գործնականում պատկեր չեն փոխում: