ՌԴ-ի հետ մեր առևտուրն էական ազդեցություն է ունենում ընդհանուր պատկերի վրա
12 Դեկտեմբերի 2025, 19:20
Հայաստանի տնտեսական աճի երբեմնի շարժիչ ուղղությունն արդեն տևական ժամանակ է անկման մեջ է։ Խոսքն արտաքին առևտրաշրջանառության մասին է, որը, հիշեցնենք, դեռ 2024 թվականի հոկտեմբերին 12,9 տոկոսանոց աճ ուներ։ Իսկ ի՞նչ ունենք այսօր։
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա հոկետմբերին 2024-ի հոկտեմբերի համեմատ արտաքին առևտրաշրջանառությունը 16 տոկոսով անկում է ապրել։ Այդ թվում՝ արտահանումը նվազել է 21,8 տոկոսով, ներմուծումը՝ 11,9 տոկոսով։
Արտաքին առևտրաշրջանառության նման բացասական վիճակագրության պատճառը հայտնի է բոլորին. վերաարտահանման գործոնն այլևս չկա։ Այս իմաստով պետք է նշել, որ անկման տեմպը որոշակիորեն կրճատվել է, ինչը նշանակում է, որ վերականգնման ընթացքի մեջ ենք։ Թեև նույն արտահանման վերականգմման տեմպերը շատ ավելի դանդաղ են, քան ներմուծման դեպքում է, ինչն իր հերթին վկայում է արտահանման պոտենցիալի հետ կապված խնդիրների մասին։
Մեկ այլ կարևոր հանգամանքն արտաքին առևտրի կառուցվածքն է, ինչն ուղիղ կապ ունի մեր առևտրաշրջանառության դիվերսիֆիկացիայի՝ այդքան շահարկված թեմայի հետ։ Ի՞նչ ունենք այդտեղ։
ՀՀ արտաքին առևտրի 37,2 տոկոսը բաժին է ընկնում ԱՊՀ երկրներին, այդ թվում՝ 36,6 տոկոսը՝ ԵԱՏՄ երկրներին միասին վերցրած։ Իր հերթին դրա 34,6 տոկոսը միայն ՌԴ-ի հետ մեր առևտուրն է։ ԵՄ-ին բաժին է ընկնում ընդհանուրի 12 տոկոսը, այլ՝ երկրներին, որտեղ ցանկը բավական երկար է՝ 50,6 տոկոսը։
Այսպես թե այնպես, ՌԴ-ն մեր հիմնական առևտրային գործընկերն է, բայց վիճակագրությունը համեմատության մեջ ուսումնասիրողին առաջին հայացքից կարող է թվալ, որ այդ մասով ունենք պատկերի որոշակի թուլացում և որոշակի դիվերսիֆիկացիա։ Ինչի՞ մասին է խոսքը և արդյոք դա իսկապես այդպես է։
Եթե համեմատենք, ապա 2024թ-ի հոկտեմբերի դրությամբ արտաքին առևտրաշրջանառության մեջ ՌԴ-ի տեսակարար կշիռը 41,6 տոկոս էր, ԵՄ-ինը՝ 7,3։ Այսօր ՌԴ-ի տեսակարար կշիռը 34,6 տոկոս է, ԵՄ-ինը՝ 12 տոկոս։ Հենց այս պատկերն է, որ կարող է որոշակի դիվերսիֆիկացիայի տպավորություն թողնել։ ՌԴ-ից կախվածության պատկերի մեղմում, գուցե որոշակիորեն կա, բայց ասել, որ գործ ունենք դիվերսիֆիկացիայի հետ, դեռ վաղ է։ Ցավոք սրտի, իհարկե, քանի որ վստահելի ու անվտանգ այլ ուղղությունները մեզ համար խիստ անհրաժեշտություն են։ Բայց խնդիրը կայանում է նրանում, որ ՌԴ-ի մասնաբաժնի անկումը էական է եղել, ԵՄ-ի մասնաբաժնի ավելացումն՝ անգամներով քիչ, գումարած դրան առևտրաշրջանառության ծավալներն են էականորեն նվազել՝ ի հաշիվ՝ ՌԴ-ի հետ առևտրի կրճատման։ Այսինքն՝ ՌԴ-ի հետ մեր առևտուրն է կրճատվել, իսկ մյութ երկրների հետ չի ավելացել։
Ստացվում է, որ այսօր էլ ՌԴ-ի հետ առևտրի փոփոխություններն էական ազդեցություն են ունենում ընդհանուր պատկերի վրա։