Սամվել Կարապետյանը ՔԿՀ-ում ունեցել է երկկողմանի թոքաբորբ, որը չի ախտորոշվել․ Արամ Վարդևանյան

13 Հունվարի 2026, 16:26

Քաղաքականություն

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում գտնվելու ընթացքում երկկողմանի թոքաբորբ է ունեցել, որը չի ախտորոշվել։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է գործարարի պաշտպանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը։

«Սամվել Կարապետյանը տնային կալանքի պայմաններում այցելեց բժշկական հաստատություն, կատարեց համալիր բուժստուգում, որը չէր ունեցել շուրջ 7 ամիս։ Պարզվեց՝ նրա մոտ հետանցումային փուլում գտնվող երկկողմանի թոքաբորբ է, որն ախտորոշվել է՝ ունենալով 2 ամիս վաղեմություն։ Այսինքն՝ մարդը ՔԿՀ-ում ունեցել է երկկողմանի թոքաբորբ, և դա չի արձանագրվել, դուք պատկերացնու՞մ եք պայմանները»,- ասել է նա։

Վարդևանյանի խոսքով՝ այս իրավիճակում Սամվել Կարապետյանի կողմից որևէ բողոք սրա վերաբերյալ չի եղել, սակայն պաշտպանները սրա մասին համապատասխան գրություններ են ուղարկել։ Պատասխանատու պաշտոնյաները պատասխան գրություններով հայտնել են, թե զննել են, սակայն որևէ առողջական խնդիր չի հայտնաբերվել։