Դերասանուհի, որին հաջողվում է ամեն ինչ՝ մորաքույր Վուլայից մինչև «Թոնի» մրցանակ․ Անդրեա Մարտին

15 Հունվարի 2026, 22:00

Հայեր

Դերասանուհի Անդրեա Մարտինը ծնվել է 1947 թվականի հունվարի 15-ին, ԱՄՆ-ի Մեն նահանգի Փորթլենդ քաղաքում՝ հայ գաղթականների ընտանիքում։ Վաղ տարիքից նա հետաքրքրություն է ցուցաբերել բեմի հանդեպ։ Ընդունվել է Էմերսոն քոլեջ, որտեղ ստացել է թատերական կրթություն։

Անդրեան իր առաջին քայլերը կատարել է թատրոնում և հեռուստատեսությունում, իսկ նրա կատակերգական տաղանդը բացահայտվել է կանադական հայտնի «SCTV» շոուում, որտեղ ստեղծել է վառ պարոդիական կերպարներ և ձեռք բերել ամենասրամիտ կանանցից մեկի համբավը։

Կինոյում Անդրեան հայտնի է «Սև Սուրբ Ծնունդ» (1974), «Վագ շունը» (1997), «Հեդվիգը և չարաբաստիկ դյույմը» (Hedwig and the Angry Inch, 2001) ֆիլմերում խաղացած դերերով, հատկապես մեծ սեր է վայելել «Իմ մեծ հունական հարսանիքը» (2002) ֆիլմում իր Վուլա մորաքույրի կերպարով։ Նա նկարահանվել է նաև ֆիլմի շարունակություններում՝ 2016 և 2023 թվականներին։

«Իմ լավագույն տարին» մյուզիքլում ունեցած դերի համար նա արժանացել է«Թոնի» մրցանակի։

Նրա ձայնը ծանոթ է նաև մուլտերի սիրահարներին՝ «Անաստասիա» (1997), «Կարապուզները» (1998) և «Հրաշամանուկ Ջիմի Նեյթրոն» (2001) մուլտֆիլմերից։

Անդրեա Մարտինը կարողացել է կարողացել է միավորել կատակերգությունն ու դրաման, թատրոնն ու կինոն, Հոլիվուդն ու Բրոդվեյը։ Հայկական արմատներն ու ամերիկյան դաստիարակությունը նրան դարձրել են մշակութային կամուրջ տարբեր աշխարհների միջև։ Նա շարունակում է մնալ Բրոդվեյի ամենատիտղոսակիր դերասանուհիներից մեկն՝ արժանանալով բազմաթիվ մրցանակների և իր տաղանդով ու բազմակողմանիությամբ ոգեշնչելով արվեստագետների նոր սերնդին։