Հայ և ռուս երիտասարդ գիտնականների համաժողովը՝ համագործակցության նոր հարթակ
13 Մարտի 2026, 15:00
Մոսկվայում անցկացվում է Ռուսաստանի և Հայաստանի երիտասարդ գիտնականների համաժողովը։ «Գիտական դիվանագիտությունը ռուս-հայկական հարաբերություններում» խորագրով համաժողովն ընթանում է ՌԴ Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտում՝ միավորելով երկու երկրների երիտասարդ հետազոտողներին և փորձագետներին։
Համաժողովի ուշադրության կենտրոնում Ռուսաստանի և Հայաստանի միջև գիտական համագործակցության զարգացումն է։ Մասնակիցները քննարկում են արդի միջազգային հարցերի շուրջ համատեղ հետազոտությունները և ակադեմիական փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները։
Փորձագետները նշում են, որ գիտական համագործակցությունը կարող է կարևոր դեր խաղալ երկրների միջև երկխոսության պահպանման գործում։ Ըստ նրանց՝ նմանատիպ հանդիպումներն օգնում են ձևավորել հարթակ՝ կարծիքների փոխանակման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ լուծումներ գտնելու համար։
«Բազմաթիվ խնդիրներ են կուտակվել, և հենց նման փորձագիտական խմբերը կարող են նպաստել, որպեսզի մենք միմյանց ավելի լավ հասկանանք։ Նման հանդիպումներն օգնում են փնտրել փոխգործակցության նոր, ավելի արդյունավետ ձևաչափեր և միասին արձագանքել այն մարտահրավերներին, որոնք այսօր ծառացած են Հայաստանի և Ռուսաստանի առջև»,- նշել է Երևանի պետական համալսարանի դոցենտ Նարինե Դիլբարյանը:
Նշվում է, որ համաժողովը մշտական հաղորդակցության ուղի է ստեղծում երկու երկրների գիտական հանրույթների ներկայացուցիչների միջև։ Երկխոսության մեջ ներգրավված են գիտությունների ակադեմիաները, առաջատար համալսարանները և վերլուծական կենտրոնները։
Կազմակերպիչների և մասնակիցների կարծիքով՝ նմանատիպ նախաձեռնությունները կարող են նպաստել ռուս-հայկական գիտական կապերի ամրապնդմանը, ինչպես նաև Ռուսաստանի՝ որպես առանցքային գիտակրթական կենտրոններից մեկի դերի ուժեղացմանը։