Հաջողությունների հիմքում 24-ժամյա աշխատանքն ու համառությունն է. Սամվել Կարապետյան
01 Մայիսի 2026, 11:29
Հաջողությունների գրավականը շատ ծանր աշխատանքն է, 24 ժամ աշխատելու արդյունքն ու համառությունը: «5 հարց հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին» շարքի հերթական հաղորդման ժամանաk ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը:
Նա պատմել է մայիսի 1-ի հետ կապված իր ամենավառ հիշողության մասին. «Դպրոցական երեխեք էինք, դրոշակներով դուրս էինք գալիս գյուղի հրապարակ, լավ սովորող երեխաներին տանում էին Տաշիրի հրապարակ՝ վզկապները կապած, դա երջանկություն էր բոլորի համար»:
Հարցին, թե որն է եղել իր առաջին աշխատանքը, Սամվել Կարապետյանը նշել է, որ ինքն ու եղբայրը ասֆալտ են փռել, իրենց ընտանիքին են օգնել:
«Արտագնա աշխատանքի էինք մեկնում և շատ ծանր աշխատանք կատարում՝ ասֆալտ էինք փռում ձեռքով: Այն, ինչը հիմա տեխնիկայով են անում, մենք կատարել ենք ձեռքով: Վաստակած գումարի կեսը տալիս էի ծնողներիս, կեսը հետս բերում էի Երևան։ Զեյթունի հանրակացարանում էի ապրում»,- ասել է նա:
Խոսելով այն մասին, թե ինչպես է կարողացել «Տաշիր»-ը դարձնել համաշխարհային բրենդ, Կարապետյանը նշել է.
«Երբ ուսանող էի, մեր շրջանը կոչվում էր Կալինինոյի շրջան: Երևանում էի սովորում, դասախոսները ինձ հարցնում էին՝ որտեղի՞ց ես, ասում էի Կալինինոյի շրջանից եմ, 90%-ը նույնիսկ պատկերացում չունեին այդ շրջանի մասին: Ճիշտը որ ասեմ, դա ինձ ցավ էր պատճառում, միշտ շփոթում էին, տարբեր անուններ էին տալիս, հիմնականում չէին կողմնորոշվում, թե որտեղից եմ: Դրա համար նույնիսկ այն ժամանակ այդ ցանկությունը կար, որ ամեն ինչ անեմ, մարդիկ կոնկրետ իմանան, թե ես որտեղից եմ: Հիմա արդեն շատերը՝ նույնիսկ աշխարհում, կոնկրետ գիտեն, թե Տաշիրը որտեղ է»:
Մանրամասները՝ տեսանյութում: