Արցախում առաջին դասարանցիների ընդունելությունը սկսված է. չնայած խնդիրներին՝ նոր ուստարին կմեկնարկի ժամանակին

10 Օգոստոսի 2023, 22:45

Կրթություն

Որքան էլ դժվար լինի, շրջափակված Արցախում նոր ուսումնական տարին մեկնարկելու է ժամանակին։ Խանութները պահեստներից հանել են անցած տարիներից մնացած ապրանքները:

Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարություն է տարածել, որ շրջափակման պատճառով այս տարի հնարավոր չի լինելու իրականացնել առաջին դասարանցիներին դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ տրամադրելու ավանդական միջոցառումը: Քաղաքացիներից դրանք հավաքագրելու գործընթաց է սկսել։ Ուսումնական տարվա մեկնարկին խնդիրները շատ են՝ դասագրքերից մինչեւ տրանսպորտ ու ջեռուցում, բայց չնայած սրան, առաջին դասարանցիների ընդունելությունը սկսված է:

ԱՀ ԿԳՄՍ փոխնախարար Միքայել Համբարձումյանն Արցախթերթին ասել է, որ ամեն տարի նախարարությունը Հայաստանից ստանում և դպրոցներին բաշխում է նոր դասագրքեր։ Այս տարի էլ հրատարակման պայմանագրերը կնքվել են, բայց դժվարը դասագրքերը տեղ հասցնելն է։ Թե երբ կստացվի՝ ոչ ոք չգիտի։ Շրջափակման պատճառով Գորիսում դեռ անցած տարվանից կենսաբանության, քիմիայի լաբորատորիաներ և աշխարհագրության կաբինետներ են մնում, որոնք պետք է բերվեին ու հատկացվեին Մարտունու թիվ 1 և Վաղուհասի միջնակարգ դպրոցներին։ Գորիսում են մնացել նաև 57 երաժշտական գործիքներ։

Փոխնախարարը տեղեկացրել է, որ մատյանների տպագրության համար տեղի «Դիզակ» տպագրատան հետ պայմանավորվել են՝ տպագրել այնքան, որքան թույլ կտա առկա հումքը։ Նախարարարության պահոցում անցած ուստարվանից մնացած մատյանների որոշ քանակություն կա, դրանք էլ կօգտագործեն, բայց, միևնույն է, քանակը չի բավականացնի։ Էլեկտրոնային մատյաններին անցնելը, փոխնախարարի խոսքով, հնարավոր չէ։ Նախ՝ ծրագիրը չունեն, երկրորդ՝ էլեկտրաէներգիայի սուղ պայմաններում դա իրատեսական չէ։

Հրատապ խնդիրների շարքում Համբարձումյանը նշել է տրանսպորտի հարցը։ Ստեփանակերտում դրա բացակայությունը մեծ խոչընդոտներ է առաջացնելու։ Աշակերտի համար դժվար է լինելու քաղաքի մի ծայրից մյուսը հասնել: Ի՞նչ անեն ուսուցիչները, որոնք հենաշարժողական խնդիրներ ունեն կամ ի՞նչ է լինելու այն ուսուցիչների վիճակը, որոնք դասավանդելու են գնում մի գյուղից մյուսը։ Արցախում նաեւ ուսուցչական կադրերի պակաս կա՝ 2145 ժամ թափուր տեղ գրեթե բոլոր առարկաների գծով։ Նստարանների խնդիր կա Ասկերանի դպրոցում, Մարտակերտի հ.1 դպրոցի հրետակոծված և արդեն հիմնանորոգված թևում, այլ վայր տեղափոխված Շուշիի Խ. Աբովյանի անվան դպրոցում, Արցախի Շիրակացու ճեմարանում։

Նշված խնդիրները կարևոր են, բայց ամենահրատապը ջեռուցումն է։ Ոչ մի դպրոց դեռևս փայտ չի մթերել, ինչը նշանակում է՝ եթե այսպես շարունակվի, դպրոցներում պարապմունքները կշարունակվեն այնքան, որքան թույլ կտան եղանակային պայմանները։ Բոլոր այս խնդիրները վերաբերում են նաեւ ՄՊՍԿ-ներին, արվեստի դպրոցներին, մանկապարտեզներին:

Չնայած ամենին՝ Արցախում առաջին դասարանցիների ընդունելությունը սկսված է։ Փոխնախարարն ասել է, որ տարածքային սկզբունքը պահվում է՝ հատկապես հիմա, երբ տրանսպորտ չկա: