Ռուսաստանը ցույց է տալիս՝ ինչ կլինի, եթե Հայաստանը հեռանա ԵԱՏՄ-ից. Կարեն Իգիթյան
25 Մայիսի 2026, 20:00
Հայ-ռուսական հարաբերություններում ստեղծված իրավիճակը չափազանց բարդ է ու լարված, իսկ Մոսկվան արդեն սկսել է ցույց տալ, թե ինչ հետևանքներ կարող են լինել Հայաստանի ներկայիս քաղաքական կուրսի շարունակման դեպքում։ Alpha News-ի հետ զրույցում ասել է կովկասագետ Կարեն Իգիթյանը։
Նա նշել է, որ հայկական ապրանքների մուտքի սահմանափակումները և ռուսական կողմի կողմից ստեղծվող այլ խոչընդոտները ցուցադրական քայլեր են, որոնք, ըստ նրա, ցույց են տալիս հնարավոր զարգացումները, եթե Հայաստանը շարունակի հեռանալ Ռուսաստանից և ԵԱՏՄ-ից։
«Ռուսաստանն արդեն սկսել է ցույց տալ, թե ինչով կարող է ավարտվել այս ամենը։ Այն, որ հայկական ապրանքներ մուտքը Ռուսաստան կանգնեցվում է կամ ստեղծվում են այլ խնդիրներ, ուղղակի ցույց է տալիս, թե ինչ կարող է լինել, եթե Հայաստանը վերջնականապես գնա այն ճանապարհով, որով Փաշինյանն է տանում»,- ասել է Իգիթյանը։
Կովկասագետի խոսքով՝ ներկայումս կիրառվող քայլերը միայն փոքր նախազգուշացում են։ «Սա ուղղակի շատ փոքր ցուցադրական մասն է»,- ընդգծել է նա։
Իգիթյանի գնահատմամբ՝ Հայաստանի իշխանությունները շարունակում են օգտվել ԵԱՏՄ անդամակցության տնտեսական առավելություններից, սակայն այդ արդյունքները ներկայացնում են որպես սեփական քաղաքականության հետևանք։
«Փաշինյանն օգտվում է ԵԱՏՄ-ում գտնվելուց, և այն բոլոր եկամուտները, որ Հայաստանը ստանում է, վերագրում է իրեն։ Իրականում, այն 10 տարվա ընթացքում, երբ Հայաստանը դարձել է ԵԱՏՄ մաս, Հայաստանի տնտեսությունն աճել է ավելի քան 2-2,5 անգամ»,- ասել է կովկասագետը։
Իգիթյանի խոսքով՝ եթե Հայաստանի ներկայիս իշխանությունները շարունակեն նույն քաղաքականությունը, ապա գործող տնտեսական մեխանիզմները կարող են դադարեցվել, ինչը ծանր հետևանքներ կունենա երկրի համար։