ԱՄՆ հայկական դպրոցներում ընդլայնվում են Հայոց Ցեղասպանությանը վերաբերող կրթական ծրագրերը․ Նունե Սիմոնյան

02 Հունիսի 2026, 22:15

Կարծիք | Կրթություն

ԱՄՆ-ի հայկական դպրոցներում ներդրվում են Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր կրթական ծրագրեր։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է լրագրող, հաղորդավար Նունե Սիմոնյանը։

«Ամերիկայի Միացյալ Նահանգներում գործում է 22 հայկական դպրոց։ Դրանց մեծ մասը գտնվում է Կալիֆորնիայի նահանգում, բայց կան դպրոցներ նաև Նյու Ջերսիում, Փենսիլվանիայում, Միչիգանում, Նյու Յորքում։ Հայոց ցեղասպանության թեման կարևոր տեղ է զբաղեցնում այդ դպրոցներում ներդրվող նոր կրթական ծրագրերում և ուսումնասիրություններում։ Նմանատիպ ծրագրեր ներդրվում են նաև համալսարանների հայագիտական ամբիոններում։ Նշեմ, որ դա ոչ թե համայնքային նախաձեռնություն է, այլ օրենսդրորեն ամրագրված պետական քաղաքականություն»,- նշել է Սիմոնյանը։

Անդրադառնալով Հայաստանի մի շարք համայնքներում գործող դպրոցների փակման խնդրին՝ նա ընդգծել է, որ պետք է բավականին լուրջ հոգեբանական խնդիր ունենալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները հասկանալու համար։

«Երկրի առաջին դեմքը՝ պատասխանելով սահմանամերձ գյուղերի դպրոցների փակման մասին հարցին, նշել է, որ ոչ թե դպրոցներն են փակվում, այլ դպրոցների վարչական շենքերը։ Պետք է բավականին լուրջ հոգեբանական խնդիր ունենալ, որ հասկանալ այս արտահայտությունը։ Եթե դպրոցի վարչական շենքը փակվում է, ստացվում է՝ երեխաները դրսո՞ւմ պետք է սովորեն։

Հետո ասում են՝ համայնքները կենտրոնացնում ենք մի տեղ, որպեսզի երեխաներն ունենան կրթության հավասար իրավունքներ։ Բայց Շիրակի մարզի Գուսանագյուղ գյուղի դպրոցի 92 աշակերտները ձմռան ամիսներին ինչպե՞ս են անցնելու 6 կմ, որ հասնեն հարևան գյուղ։ Հիմա ուզում են համոզե՞լ՝ ավտոբուս, վառելիք են տրամադրելու, որ այդ 92 երեխային տեղափոխեն այլ դպրոց։ Բոլորս էլ հասկանում ենք, որ սա ուտուպիա է»,- ասել է Նունե Սիմոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։