Շատ կարևոր է միասնական ընդդիմադիր որոշումը․ Իշխան Սաղաթելյանը՝ մանդատները չվերցնելու մասին

09 Հունիսի 2026, 13:46

Քաղաքականություն

«Մենք բողոքարկել ենք, որ մի շարք ընտրատեղամասերում վերահաշվարկ իրականացվի։ Ակնհայտ է, որ տեղամասերում արձանագրված արձանագրությունների և ԿԸՀ-ի կայքում տեղադրված տվյալների մեջ կա անհամապատասխանություն։ ԿԸՀ-ն նման դեպքերը համարում է տեխնիկական վրիպում»,- այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը։

Սաղաթելյանի խոսքով՝ բողոքարկման գործընթացից հետո դաշինքը դիմելու է Սահմանադրական դատարան ընտրությունների արդյունքները վիճարկելու։

«Ինչ վերաբերում է մանդատներ վերցնել-չվերցնելու հարցին, կարծում ենք, որ այդ որոշումը պետք է լինի ընդդիմության միասնական որոշումը։ Այդ որոշումը կկարողանանք կայացնել մի քանի հարցերի պատասխաններն ունենալուց հետո։ Այս հարցում շատ կարևոր է նաև ԲՀԿ-ի՝ ընտրական շեմը հաղթահարելու հարցը։

Մի բան հստակ է, որ մեր որոշումը բխելու է պայքարի շարունակության և հաջողության տրամաբանությունից»,- ընդգծել է դաշինքի անդամը։