Տեղամասերի արձանագրությունները հակասում են ԿԸՀ-ի տվյալներին. Արամ Օրբելյան
28 Հունիսի 2026, 19:51
Մի շարք տեղամասերում քվեատուփերում ավելի շատ քվեաթերթիկներ են եղել, քան քվեարկության մասնակիցների թիվը։ Այս մասին հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների չեղարկում պահանջող քաղաքական ուժերի հայցով Սահմանադրական դատարանի նիստում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանը։
Օրբելյանն իր ելույթը սկսել է թվաբանական հաշվարկներով՝ առաջարկելով ԿԸՀ ներկայացուցիչներին որոշ տեղամասերի տվյալները ստուգել «կողմ» ձայների և անվավեր քվեաթերթիկների պարզ գումարմամբ։ ԿԸՀ ներկայացուցիչները փակուղու առաջ են կանգնել, և առաջարկվել է հարցը լուծել ընդմիջման ժամանակ։
Իրավաբանի նշած մեկ այլ հակասություն այն է, որ տեղամասային հանձնաժողովների արձանագրությունների թվերը տարբերվում են ԿԸՀ թվերից, բնականաբար՝ ոչ հօգուտ որոշ քաղաքական ուժերի։
Օրբելյանը հիշեցրել է, որ այն տեղամասային հանձնաժողովների նախագահները, որտեղ խախտումներ էին տեղի ունեցել՝ զինվորների քվեարկության տեսքով տեղամասերի ենթադրյալ փակման ժամից զգալիորեն ուշ, եղել են «ՔՊ»-ի ներկայացուցիչներ։ Իրավաբանը հետաքրքրվել է՝ արդյոք կատարվածում ԲՀԿ-ի մեղքի բաժին եղե՞լ է։ ԿԸՀ նախագահը պատասխանել է բացասաբար։ Հիշեցնենք, որ հենց այս խախտման հիման վրա ԿԸՀ-ն երկու տեղամասերում արդյունքներն անվավեր էր ճանաչել՝ այդպիսով զրկելով ԲՀԿ-ին անցողիկ շեմը հաղթահարելու համար անհրաժեշտ ձայներից։
Ընդմիջումից հետո ԿԸՀ նախագահը հայտնել է, որ Օրբելյանի նշած 1/18, 21/1, 21/2 և 1/20 տեղամասերում ամենաշատ անճշտություններն են հայտնաբերվել, և այդ պատճառով ԿԸՀ պահանջով նշանակվել է վերահաշվարկ։ Փաստաբանին հետաքրքրում էր, թե այդ տեղամասերում որքան են եղել «կողմ» ձայները և անվավեր քվեաթերթիկները։ Չնայած հարցի պարզությանը՝ ԿԸՀ նախագահը դրսևորել է ոչ հասարակ երևակայություն՝ հարցին պատասխանելուց խուսափելու համար։ Օրբելյանի վարկածով՝ մոտ 100 տեղամասերում տարբերությունը կազմում է 269. հենց այդքանով են քվեաթերթիկներն ավելի շատ, քան քվեարկածները։ Եվ հաշվի առնելով, որ ԲՀԿ-ին անցողիկ շեմը հաղթահարելու համար պակասում է մոտ 150 ձայն՝ այդ թիվը էական է։