Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը նպատակ ունի ուժեղացնել ԵՄ-ի ազդեցությունը Հարավային Կովկասում․ Բոգդան Բեզպալկո

Քաղաքագետ Բոգդան Բեզպալկոն մեկնաբանել է առաջիկա օրերին նախատեսված Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան և Ադրբեջան՝ անդրադառնալով այդ այցի հնարավոր հետևանքներին։

«Կարծում եմ՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը նախ Ադրբեջան, ապա Հայաստան կոչված է ամրապնդելու Եվրոպական միության ազդեցությունը Հարավային Կովկասում։ Այն, որ մինչ այս տարածաշրջան են այցելել ԵՄ բազմաթիվ պաշտոնյաներ և կառույցների ներկայացուցիչներ, դեռևս շատ բան չի նշանակում, քանի որ, հավանաբար, առաջին անգամ տարածաշրջան կայցելի Եվրամիության այսպիսի բարձր մակարդակի պաշտոնյա, ինչպիսին Ուրսուլա ֆոն դեր Լայենն է։ Սա խորհրդանշական այց է, խորհրդանշական քայլ, որը պետք է ընդգծի Եվրոպայի ազդեցության աճն այս տարածաշրջանում»,- նշել է փորձագետը։

Քաղաքագետի կարծիքով՝ Եվրահանձնաժողովի նախագահի այցից հետո Հայաստանում կարող է ուժեղանալ հակառուսական հռետորաբանությունը։