«Ուժեղ Հայաստանը» ընտրություններին զրկված էր նվազագույն երաշխիքներից․ Արամ Վարդևանյանի ելույթը ՍԴ-ում

01 Հուլիսի 2026, 12:11

Քաղաքականություն

Սահմանադրական դատարանում շարունակվում է 7 քաղաքական ուժերի դիմումների հիման վրա Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ գործի քննությունը։ Դատաքննության ընթացքում ամփոփիչ ելույթով հանդես է եկել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն իր ամփոփիչ ելույթում անդրադարձել է ընտրությունների անհավասար պայմաններին, վարչական ռեսուրսի կիրառմանը և իրավապահ մարմինների՝ քաղաքական ուժերի դեմ ուղղորդված գործողություններին։

Նա իր ելույթում սուր քննադատության է ենթարկել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) գործելաոճը՝ պնդելով, որ կառույցը հրաժարվել է բովանդակային քննությունից և ստացված դիմումները պարզապես վերահասցեագրել է՝ առանց որևէ հետագա քայլ ձեռնարկելու։

Փաստաբանի պնդմամբ՝ ընտրություններն անցել են անհավասար պայմաններում, իսկ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը զրկված է եղել նվազագույն երաշխիքներից։ Որպես ապացույց նա հիշատակել է Ընտրական օրենսգրքի հապշտապ փոփոխությունները և դաշինքի առաջնորդի նկատմամբ կիրառված խափանման միջոցը։

««Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի դեմ ապրիլի 7-ին փոփոխություններ կատարվեցին Ընտրական օրենսգրքում, որպեսզի չօգտագործվի դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի անունը և այն չհայտնվի քվեաթերթիկում։ Սամվել Կարապետյանն էլ ամբողջ ընտրական գործընթացի ընթացքում գտնվել է տնային կալանքում։ Հռետորական հարց է առաջանում՝ եթե նույն պայմաններում հայտնվեր մյուս քաղաքական ուժը, որի շահերին վերաբերում է այս վեճը, արդյոք ընտրությունների արդյունքները կլինեին այնպիսին, ինչպիսին հրապարակել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Թույլ տվեք ես ինքս պնդեմ, որ՝ ոչ»,- նշել է Վարդևանյանը։